«Կարծիքների փոխանակումը, համախմբումը պետք է նպաստի, որ մեկ քայլ ավելի կատարվի, և Մխիթարյան միաբանության գործունեությունը ավելի հստակորեն բանաձևվի, ընկալվի»․Լևոն արք. Զեքիյան

2017 թ․ հոկտեմբերի 24-ին Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության նիստերի դահլիճում մեկնարկեց «Վենետիկի Մխիթարյան միաբանություն-300» միջազգային երկօրյա գիտաժողովը։ Գիտաժողովը կազմակերպվել է  ՀՀ սփյուռքի նախարարության, ՀՀ ԳԱԱ հայագիտական և հասարակական գիտությունների բաժանմունքի, Երևանի պետական համալսարանի, Վենետիկի Մխիթարյան միաբանության նախաձեռնությամբ և ԿԳՆ գիտության պետական կոմիտեի աջակցությամբ։

Բացման խոսքով հանդես եկավ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը՝ ընդգծելով գիտաժողովի կարևորությունը Մխիթարյանների ժառանգությունն ու ներկա գործունեությունը ներկայացնելու, հանրայնացնելու, ուսումնասիրելու տեսանկյունից։

ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ողջույնի խոսքում արժևորեց  Մխիթարյան Միաբանության կրթական գործունեությանը՝ նշելով, որ միաբանության ամբողջ տարածքը վերածվել է համաշխարհային նշանակություն ունեցող ճարտարապետական կոթողի:

Վենետիկի Մխիթարյան միաբանության քահանայապետական պատվիրակ, Թուրքիայի Հայ Կաթողիկե եկեղեցու թեմի առաջնորդ, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Լևոն արք. Զեքիյանը իր ողջույնի խոսքում ընդգծեց, որ այս գիտաժողովը ոչ միայն հարգանքի նշան է, այլև խորը բարեկամության, որ տարիներ ի վեր գոյություն ունի Մխիթարյան միաբանության և հայաստանյան գիտական կառույցների միջև: «Վստահ եմ, որ կարծիքների փոխանակումը, համախմբումը պետք է նպաստի, որ մեկ քայլ ավելի կատարվի, և Մխիթարյան միաբանության գործունեությունը ավելի հստակորեն բանաձևվի, ընկալվի: Ինչպես նաև սա կնպաստի ապագա հեռանկարների մասին քննարկումներ անելուն»,- հայտնեց նա:

Ողջույնի խոսքով հանդես եկավ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Յուրի Սուվարյանը: Նա նշեց, որ միաբանները, զարգացնելով հայագիտության բոլոր ուղղությունները, նախևառաջ ունեցել են հայապահպանության սրբազան առաքելություն:

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը ողջունելով ներկաներին, նշեց, որ Մխիթարյան միաբանությունը յուրաքանչյուր քաղաքակիրթ ազգի և երկրի համար չափանիշ կարող է հանդիսանալ: «Հուսով եմ, որ մոտ ապագայում կտպագրվի Ղևոնդ Ալիշանի «Արցախ աշխարհ» աշխատությունը, որը մեծ քաղաքական նշանակություն ունի: Վստահ եմ, որ այս միջազգային գիտաժողովը նոր էջ կբացի Մխիթարյան ժառանգության ուսումնասիրման գործում»,-ասաց Սիմոնյանը։

Գիտաժողովի հանդիսավոր բացմանը հաջորդեց լիագումար նիստը, որին զեկուցումներով հանդես եկան Լևոն արք. Զեքիյանը Մխիթար՝ խորհուրդ և մարտահրաւէր. Հայ հոգեւորութեան եւ մշակոյթի ռահվիրայ մը, համաքրիստոնէական, համամարդկային տարածքով»), ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը Ղուկաս Ինճիճյանի ավանդը Հայաստանի պատմաաշխարհագրական հարցերի ուսումնասիրության բնագավառում»), ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը Մխիթարյանները Միքայել Նալբանդյանի գնահատմամբ»), ԳԱԱ գրականության ինստիտուտի տնօրեն Վարդան Դևրիկյանը Հայ միջնադարյան գրականության պատմության պարբերացման Մխիթարյանների սկզբունքները»):

Լիագումար նիստից հետո գիտաժողովի աշխատանքները շարունակվեցին հետևյալ թեմատիկ բաժանմունքներում՝ «Մխիթարյանների գործունեությունը պատմագիտության ասպարեզում», «Մխիթարյանների ավանդը բանասիրության ոլորտում», «Արվեստը և մշակույթը Մխիթարյանների գործունեության մեջ»։