Ինստիտուտի տնօրինությունը, բաժինները և կենտրոնները
Պատմության ինստիտուտի հիմնադրման օրվանից նրա կառուցվածքում եղել են պատմության, հնագիտության, վիմագրության, փիլիսոփայության և արվեստի պատմության բաժինները: Պատմության բաժնին կից գործել է Հայրենական պատերազմի պատմության կաբինետը: 1944 թվականին ինստիտուտի կառուցվածքում տեղի է ունեցել փոփոխություն: Պատմության բաժինը տրոհվել է երկու` Հին և միջին դարերի պատմության և Նոր դարերի պատմության բաժինների: 1947 թվականից Պատմության ինստիտուտի կազմում գործում էր Խորդրդային Հայաստանի պատմության բաժինը: 1959 թվականին Գիտությունների Ակադեմիայի Պատմության ինստիտուտում հիմնադրվեց ԽՍՀՄ-ի և ժողովրդական դեմոկրատիայի երկրների պատմության բաժինը, որը հետագայում վերանվանվեց հայ գաղթավայրերի և պատմական կապերի ուսումնասիրության բաժնի: 1960 թվականին Ակադեմիայի Գրականության ինստիտուտում ստեղծվում է Հայ պարբերական մամուլի պատմության բաժինը, որը 1965-ին տեղափոխվում է Պատմության ինստիտուտ: 1966 թվականին ինստիտուտի Հին և միջին դարերի պատմության բաժինը ընդլայնվել է: Ինստիտուտն արդեն ուներ առանձնացված Հին դարերի և Միջին դարերի պատմության բաժիններ: 1977 թվականին ստեղծվում է Հայ-ռուսական պատմական կապերի ուսումնասիրության նոր բաժինը: 2002 թվականից ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտը ներկայանում է արդեն նոր կառուցվածքով: Ներկայումս ինստիտուտի կազմում գործում են 7 գիտական բաժին, համակարգչային կաբինետը և Մեսրոպ Արքեպիսկոպոս Աշճյան կենտրոնը: