ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտը հանդիսանում է ԱՊՀ պատմության ինստիտուտների Միջազգային Ասոցիացիայի անդամ, Ասոցիացիան հիմնադրվել է ԱՊՀ ակադեմիական պատմության ինստիտուտների կողմից ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում 2005թ. դեկտեմբերին: Ասոցիացիայի նախագահն է ՌԴ Գիտությունների ակադեմիայի Ընդհանուր պատմության ինստիտուտի տնօրեն, ՀՀ ԳԱԱ պատվավոր անդամ, ակադեմիկոս Ալեքսանդր Չուբարյանը: ԱՊՀ պատմության ինստիտուտների Ասոցիացիայի 2-րդ խորհրդակցությունը տեղի է ունեցել Դուշանբեում 2006թ. սեպտեմբերին, 3-րդը` Կիևում 2007թ. հունիսին, 4-րդը` Քիշնևում 2008թ. հունիսին: Ասոցիացիայի շրջանակներում անցկացվում են ԱՊՀ պատմության ինստիտուտների երիտասարդ պատմաբանների <<Ամառային դպրոցներ>>, որտեղ դասախոսում են ԱՊՀ երկրների հեղինակավոր պատմաբան մասնագետները: Առաջին <<Ամառային դպրոցը>> տեղի է ունեցել Սանկտ-Պետերբուրգում, 2-րդը` Օդեսայում, 3-րդը` Քիշնևում: Դրանք կազմակերպվում են ԱՊՀ անդամ-պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի /МФГС/ հովանու ներքո: Ասոցիացիայի ձեռքբերումների թվում պետք է նշել նաև նրա կողմից հիմնադրված և հրատարակվող <<Историческое пространство>> ամսագիրը, որը լուսաբանում է Ասոցիացիայի աշխատանքները և հրատարակում է բազմաբնույթ արդիական հիմնահարցերին նվիրված և գիտական բարձր որակ ունեցող հոդվածներ: ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի ղեկավարությունը և երիտասարդ գիտաշխատողները մասնակցել են նշված բոլոր միջոցառումներին, հոդվածներով հանդես եկել Ասսոցիացիայի ամսագրի էջերին, ձեռք բերել բազմաթիվ երկրների պատմաբանների հետ համատեղ աշխատանքի մեծ փորձ: Քիշնևում տեղի ունեցած վերջին խորհրդակցությանը, որին մասնակցում էին ներկայացուցիչներ նաև Էստոնիայից, Ֆինլանդիայից, Բուլղարիայից և այլ երկրներից, միաձայն հավանության արժանացավ` պատմության ինստիտուտների ղեկավարների 2009թ. խորհրդակցությունը, ինչպես նաև երիտասարդների հերթական <<Ամառային դպրոցը>> Հայաստանում անցկացնելու առաջարկությունը: Հայաստանում նշված միջոցառումների անցկացումը կունենա ոչ միայն գիտագործնական, այլև քաղաքական նշանակություն: Ի դեպ` նախորդ նիստերից մեկում քննարկվել է նաև Հայոց ցեղասպանության և Արցախի պատմության խնդրին առնչվող հարցը, որի ընթացքում ադրբեջանական պատվիրակության անընդունելի մոտեցումները ստացել են արժանի հակահարված, որն ընդունելի է եղել Ասոցիացիայի բոլոր անդամ պետությունների ներկայացուցիչների կողմից: Նշենք, որ Քիշնևում տեղի ունեցած վերջին խորհրդակցությանը ադրբեջանական կողմը չէր ներկայացել: Ասոցիացիայի հերթական խորհրդակցության և <<Ամառային դպրոցի>> անցկացումը Հայաստանում /նախատեսված է 2009թ. հունիսին/ մեծապես կխթանի հայ պատմաբանների աշխատանքները, հնարավորություն կտա զարգացնել համագործակցությունը ոչ միայն ԱՊՀ անդամ պետությունների, այլև օտարերկրյա պատմաբան- մասնագետների հետ: Ակնկալվող արդյունքների թվում պետք է նշել նաև աշխատանքների հանրագումարում հոդվածների մեծածավալ ժողովածուի հրատարակումը, երիտասարդ պատմաբանների միջև գիտական կապերի ամրապնդումը և այլն: