ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի գիտաշխատող, պ. գ. թ., դոցենտ Հովակիմ Բոյաջյանի <<Պողոս Նուբար Փաշան և բարենորոգումների խնդիրն Արևմտյան Հայաստանում 1912-1914 թթ.>> մենագրության մեջ արխիվային նորահայտ փաստաթղթերի, պատմագիտական գրականության և պարբերական մամուլի նյութերի հիման վրա ուսումնասիրված և լուսաբանված է առաջին համաշխարհային պատերազմի նախօրյակին Հայկական հարցի լուծմանը նպաստելուն ուղղված եգիպտահայ հասարակական-քաղաքական գործիչ Պողոս Նուբար Փաշայի գործունեությունը: Գրքում ներկայացված են ականավոր գործչի ջանքերն եվրոպական ղեկավար շրջանների և հասարակական կարծիքի վերաբերմունքն Արևմտյան Հայաստանում բարենորոգումների իրականացմանն ի նպաստ դարձնելու ուղղությամբ:
Պատմ. գիտ. դոկտ. Հ. Ս. Սվազյանի մենագրությունը նվիրված է Աղվանք պետության քաղաքական, սոցիալ-տնտեսական պատմության ուսումնասիրությանը հնագույն ժամանակներից մինչև մ. թ. VIII դ. : Մենագրությունը պատմաքաղաքական հետազոտություն է` շարադրված տարատեսակ սկզբնաղբյուրների (հունա-հռոմեական, հայկական, վրացական, բյուզանդական, ասորական, արաբական), ինչպես նաև տպագրված գրականության հիման վրա: Առաջին անգամ հայկական պատմագրության մեջ այնտեղ ուսումնասիրվում են Աղվանք պետության պատմությունը` վաղհամայնքային, ստրկատիրական և վաղֆեոդալական ժամանակաշրջաններում: Բացահայտվել և քննադատության են ենթարկվել Ադրբեջանի պատմաբանների հակահայկական, հակագիտական մոտեցումները ուղղված հայկական Ուտիք և Արցախ աշխարհներին և ընդհանրապես Աղվանքի պատմությանը:
ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, պատմական գիտությունների դոկտոր Վարուժան Արամազդի Պողոսյանի ՙՆապոլեոնի հայազգի զինակիցները. պատմություն և առասպելներ՚` երեք գլխից բաղկացած գիրքը նվիրված է Նապոլեոնի հայազգի զինակիցներին: Աղբյուրագիտական հարուստ հենքի և գիտական գրականության հիման վրա, հեղինակն առաջին երկու գլխում ուրվագծում է Նապոլեոնի նշանավոր թիկնապահ Ռուստամ Ռազայի և կայսերական գվարդիայի անդամ, Պատվո լեգեոնի շքանշանակիր Ուանիս Պետրոյի դիմանկարները: Երրորդ գլուխը նվիրված է ֆրանսիացի անվանի զորավար մարշալ Մյուրատի հայկական ծագմանը վերաբերող առասպելի հերքմանը:
Հովհաննիսյան Ա. Ռ., Անտիպ աշխատանքներ. Կազմող, առաջաբանի և ծանոթագրությունների հեղինակ պ. գ. դ. Վ. Պողոսյան, Երևան, <<Գիտություն>> հրատարակչություն, 2009: Հավաքածուն ներառում է XVIII-XIX դարերի ֆրանսիական հասարակական մտքի և XVIII հարյուրամյակի հայ ազատագրական շարժման պատմության խոշորագույն մասնագետ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Աբգար Ռուբենի Հովհաննիսյանի չհրատարակված ելույթներն ու հոդվածները: Հավելվածում տպագրված են Ա. Հովհաննիսյանի աշխատանքների առնչությամբ խորհրդային մի շարք ֆրանկոգետների (Ե. Վ. Տառլե, Վ. Պ. Վոլգին, Ա. Զ. Մանֆրեդ, Վ. Մ. Դալին և այլն) արձագանքները, ինչպես նաև նրան հասցեագրված որոշ նամակներ: Բոլոր նյութերը վերցված են Ա. Հովհաննսիյանի անձնական արխիվից: Գիրքը նախատեսված է պատմաբանների համար:
Արտակ Մաղալյանի աշխատասիրությամբ լույս է տեսել XVIII դարի ռուս պատմագիր Վասիլի Բրատիշչևի <<Բացատրութիւն անցիցն անցելոց ի մէջ Շահ Նադիրայ եւ աւագ որդւոյ նորին Ռզա-Ղուլի Միրզին տրտմալի պատահմանց>> աշխատության հայերեն թարգմանությունը, որը հրատարակվում է ըստ Մատենադարանի N 9648 ձեռագրի: Վ. Բրատիշչևի աշխատությունը ուշագրավ աղբյուր է Նադիր շահի կյանքի և գործունեության հետ կապված մի շարք հարցերի լուսաբանման համար: Գիրքը նախատեսված է պատմաբանների, արևելագետների և ընթերցող լայն հասարակայնության համար:
Աշոտ Մելքոնյանը հրատարակել է <<Արարատ. Հայոց անմահության խորհուրդը>> աշխատությունը: Մենագրությունն աստվածաշնչյան գագաթ Արարատ լեռան պատմաաշխարհագրական ուրվագիծն է: Հետազոտության մեջ քննության են առնված Արարատ-Մասիսի հետ կապված ինչպես հայկական, այնպես էլ օտար աղբյուրներում տեղ գտած պատմական հետաքրքրական դրվագներ, աշխարհի տարբեր ծայրերից եկած ուխտավորների, ճանապարհորդների նոթերը` վաղ միջնադարից մինչև մեր օրերը: Աշխատության վերջին գլխում հեղինակը թղթին է հանձնել 2007 թ. օգոստոսի 8-10-ը մի խումբ հայորդիների հետ Արարատի գագաթը կատարած վերելքի տպավորությունները: Հեղինակն աշխատությանը կից պատրաստել է նաև մեկ ժամանոց ֆիլմ:
Լույս է տեսել ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի նորագույն պատմության բաժնի երիտասարդ աշխատակից Համո Կարենի Սուքիասյանի կազմած և ծանոթագրած <<Հայաստանի անկախության հռչակումը և իշխանության կենտրոնական մարմինների ձևավորումը (1918 թ. մայիս-հուլիս)>>փաստաթղթերի և նյութերի ժողովածուն (<<Հայաստանի անկախության հռչակումը և իշխանության կենտրոնական մարմինների ձևավորումը (1918 թ. մայիս-հուլիս): Փաստաթղթերի և նյութերի ժողովածու>>/ Կազմող, առաջաբանի և ծանոթագր. հեղինակ` Հ. Կ. Սուքիասյան, խմբ.` Ա. Ս. Վիրաբյան, Կ. Հ. Խաչատրյան, Եր.: Հայաստանի ազգային արխիվ, 2009. - 218 էջ): Ժողովածուն հրատարակության է երաշխավորվել ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի և Հայաստանի ազգային արխիվի գիտական խորհուրդների կողմից: Ժողովածուում հրապարակվող փաստաթղթերն ու նյութերը լույս են սփռում 1918 թ. մայիսին Հայաստանի անկախության հռչակման, Հայոց ազգային խորհրդի ու ՀՀ ձևավորվող կառավարության` Երևան տեղափոխվելուն առնչվող խնդիրների, Հայաստանի Խորհրդի ու ՀՀ կառավարության ձևավորման հանգամանքների վրա: Փաստաթղթերի գերակշիռ մասը հրատարակվում է առաջին անգամ: Փաստաթղթերի և նյութերի ժողովածուն հասցեագրված է պատմաբաններին, քաղաքագետ-ներին, միջազգայնագետներին, Հայաստանի Առաջին Հանրապետության պատմությամբ հետաքրքրվողներին:
Ժողովածուում ներկայացված են ՇՈՒՇԻՆ ՀԱՅՈՑ ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՕՐՐԱՆ գիտաժողովի զեկուցումները, որը տեղի է ունեցել Շուշիում և Ստեփանակերտում 2006 թ. ամռանը: Գիտաժողովը նվիրված էր Շուշիի ազատագրման 15-րդ տարեդարձին: Գիտաժողովը կազմակերպել էին Գիտությունների ազգային ակադեմիան, Երևանի պետական համալսարանը, Արցախի պետական համլսարանը, ՀՀ Կրթության և գիտության նախարարությունը և ԼՂՀ Կրթության, մշակույթի և սպորտի նախարարութունը: ՇՈՒՇԻՆ ՀԱՅՈՑ ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՕՐՐԱՆ: Շուշիի ազատագրման 15-րդ տարեդարձին նվիրված գիտաժողովի նյութեր: – Երևան, ՀՀ ԳԱԱ "Գիտություն" հրատ., 2007, – 370 էջ: Պատասխանատու խմբագիր` Արտակ Մաղալյան:
2008 թ. ինստիտուտի ստացած կարևոր արդյունքներից է ակադեմիկոս Հրաչ Բարթիկյանի հրատարակած <<Պարթենիոս Աթենացու Պաղեստինի Կեսարիայի մետրոպոլիտի պատմություն հունաց և հայոց տարաձայնության>> աշխատությունը: Գրքում Ա. Պապադոպուլոս-Կերամևսի հունարեն բնագրով և զուգահեռ` հայերեն թարգմանությամբ և ծանոթագրություններով ընթերցողին ներկայացվում է Երուսաղեմի Հայոց պատրիարքի նստավայր Սրբոց Հակոբյանց վանքի և տարածաշրջանի ասորի, ղպտի և հաբեշ համայնքների ենթակայության շուրջ հայոց և հունաց միջև ծավալված` դարերի պատմություն ունեցող սուր վեճը: Ներկայումս աշխատությունը քաղաքական կարևորություն ունի` կապված Երուսաղեմում քրիստոնեական սրբությունների նկատմամբ Հայոց պատրիարքության ունեցած իրավունքների նկատմամբ հունաց ուղղափառ եկեղեցու ոտնձգությունների հետ:
ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Վարուժան Պողոսյանի մենագրությունը նվիրված է Հայոց ցեղասպանության պատմագրության մեջ չուսումնասիրված թեմայի` ֆրանսիական պատմագրության կողմից 1909 թ. կիլիկիահայության կոտորածների ուսումնասիրության քննական վերլուծությանը: Առաջին անգամ հեղինակը մանրամասնորեն վերլուծում է 1909-1918 թթ. Ֆրանսիայում լույս տեսած սկզμնաղμյուրների հրատարակությունները և պատմագիտական ուսումնասիրությունն երը, արժեվորում ֆրանսիացի հեղինակների ներդրումը 1909 թ. հայկական կոտորածների ուսումնասիրության ասպարեզում, μացահայտում և մեկնաμանում նրանց մոտեցումների սահմանափակությունները: Նախատեսված է պատմաμանների համար:
2008 թ. ինստիտուտի ձեռք բերած նշանակալի արդյունք է նաև երիտասարդ պատմաբան, պ. գ. թ. Արտակ Մաղալյանի <<Արցախի մելիքությունները և մելիքական տները XVII-XIX դդ.>> աշխատությունը: Մենագրությունը նվիրված է հայոց պատմության կարևորագույն շրջափուլերից մեկի` Արցախի մելիքությունների պատմությանը: Աշխատության հավելվածում զետեղված 50 փաստաթղթերը, որոնց մեծ մասը հրատարակվում է առաջին անգամ, նոր լույս են սփռում Արցախի մելիքությունների պատմության մի շարք հիմնահարցերի վրա:
2008 թ. ինստիտուտի ձեռք բերած նշանակալի արդյունք է նաև պ. գ. դ. Համլետ Հարությունյանի <<Նոր Բայազետի գավառը 1828-1913 թթ.>> աշխատությունը: Հայ պատմագիտության մեջ առաջին անգամ տրվում է Երևանի նահանգի ամենամեծ գավառի ամբողջական պատմությունը: Լուսաբանվում են Նոր Բայազետի գավառի վարչատարածքային կառուցվածքը, բնակչության ներգաղթը, էթնոդավանաբանական կազմի փոփոխությունները, սոցիալ-տնտեսական վիճակը, կրթամշակութային և հոգևոր կյանքը, ինչպես նաև այլ բնույթի հարցեր:
2008 թ. ինստիտուտի նշանակալի ձեռքբերում է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Ա. Ա. Մելքոնյանի և պ. գ. դ. Վ. Ն. Ղազախեցյանի կազմած <<Հայաստանը պետական գաղտնի փաստաթղթերում (1922-1929 թթ.)>> փաստաթղթերի և նյութերի ժողովածուն: Դրանում խորհրդային երկրի պետական անվտանգության մարմինների (Արտակարգ հանձնաժողով, Պետական քաղաքական վարչություն, Միացյալ պետական քաղաքական վարչություն, Ներքգործժողկոմատ) 1922-1929 թթ. ամենամսյա տեսություններն են երկրում, այդ թվում նաև Հայաստանում տիրող քաղաքական դրության մասին: Դրանք բացառիկ աղբյուր են հանրապետության սոցիալ-քաղաքական, հասարակական հարաբերությունները, հասարակություն-պետություն առնչություններն ուսումնասիրելու համար: Փաստաթղթերն ու նյութերն ընտրված և քաղված են ""Совершенно секретно": Лубянка-Сталину о положении в стране (1922-1934 гг")` Մոսկվայում 2001-2004 թթ. հրատարակված հատորներից, որոնք ընդգրկում են 1922-1929 թթ.:
Պ.Գ.Դ. Վրեժ Վարդանյանի <<Պահլավունիները Հայոց պետականության և հոգևոր անաղարտության պահապաններ>> հետաքրքիր աշխատությունը: Մենագրությունը նվիրված է միջնադարյան Հայոց պատմության մեջ ականավոր դեր խաղացած Պահլավունի տոհմի պատմությանը:
Լույս է տեսել ինստիտուտի առաջատար գիտաշխատող Էմմա Կոստանդյանի <<Գարեգին Սրվանձտյանց: (Կյանքը և գործունեությունը)>> ուսումնասիրությունը: Աշխատությունը նվիրված է <<Սասունցի Դավիթ>> ժողովրդական էպոսի հայտնաբերող, գրող, գիտնական ու մանկավարժ Գարեգին Սրվանձտյանցի լուսավորական, հրապարակախոսական գործունեությանը: Ռուբեն Սահակյանի <<Հայկական ոստիկանության կազմակերպումը և գործունեությունը Վանի նահանգապետության շրջանում (1915 թ. մայիսի 8 - հուլիսի 17)>> փաստաթղթերի և նյութերի ժողովածուում ներկայացված է 1915 թ մայիս-հուլիս ամիսներին Վանի նահանգապետության հայկական ոստիկանության կազմակերպումն ու գործունեությունը:
Մուրադ Կարապետյանի <<Հայազգի զինվորականները ռուսական բանակում (XIX դարի վերջ - XX դարի սկիզբ)>> աշխատությունը: Ռուսաստանի Դաշնության ռազմապատմական, Կրասնոդարի երկրամասի պետական և Հայաստանի ազգային արխիվների նորահայտ փաստաթղթերի, համապատասխան գրականության և նյութերի հիման վրա պատմագրության մեջ առաջին անգամ, ամբողջական ձևով, լուսաբանված են 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի ռուսական բանակի մի շարք հայազգի զինվորականների` գեներալների և սպաների ռազմական կենսագրությունները: Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության բաժնի առաջատար գիտաշխատող Նորայր Սարուխանյան հրատարակել է “Ալեքսեյ Ջիվելեգովը որպես պատմաբան և Հայկական հարցը” աշխատությունը: Ընթերցողի ուշադրությանը ներկայացվող այս գրքույկում ուսումնասիրության նյութ է դարձել հայազգի մեծ գիտնական Ալեքսեյ Ջիվելեգովի պատմագիտական և հասարակագիտական ժառանգությունը:
Վ. Ղարախանյանը հրատարակել է <<Գալուստ Կյուլպենկյան>> հիմնարկության հայանպաստ գործունեությունը. 1956–2006 թթ.>> մենագրությունը: Այն նվիրված է գրեթե չուսումնասիրված, արդիական և գիտագործնական նշանակություն ունեցող թեմայի <<Գալուստ Կյուլպենկյան>> հիմնարկության ստեղծմանն ու անցած ավելի քան 50 տարվա ընթացքում ծավալած հայանպաստ բարեսիրական գործունեությանը: Գրքում մանրամասնորեն լուսաբանված ու արժևորված են Սփյուռքում և Հայաստանում նշված բարեգործական կազմակերպության իրականացրած կրթամշակութային օջախների շինարարության, կրթաթոշակների և դրամաշնորհների, հայկական հոգևոր, առողջապահական հաստատությունների աջակցության, մշակութային ձեռնարկումների և գիտության զարգացման ծրագրերը: Ներկայացված է նաև աշխարհահռչակ նավթարդյունաբերող Գալուստ Սարգսի Կյուլպենկյանի կենսագրությունը:
2008 թ. հունվարն լույս է տեսել Կլիմենտ Հարությունյանի <<Հայ ռազմիկների մասնակցությունը Խորհրդա-ֆիննական պատերազմին (30.11.1939-13.03.1940)>> աշխատությունը: Մենագրությունը հրատարակվել է ՀՀ ԳԱԱ “Գիտություն” հրատարակչությունում, Երևան 2008, 228 էջ: Առաջին անգամ հայ պատմագրության մեջ լուսաբանվում է Երկրորդ համաշխարհային պատերազմի բաղկացուցիչ մաս կազմող Խորհրդա-ֆիննական պատերազմին հայ ռազմիկների մասնակցության հարցը: Հատկապես մեծ ուշադրություն է դարձվել այդ պատերազմում Խորդրդային միության հերոսի կոչման արժանացած, շքանշաներով և մեդալներով պարգևատրված հայ հրամանատարների ու զինվորների` հրետանավորների, օդաչուների, բժիշկների և տարբեր զորատեսակների կազմում մարտնչած հայորդիների կատարած սխրանքների վերհանմանը: Գիրքը, բացի գիտական կարևոր նշանակության, մեծ չափով կնպաստի զինծառայողների ռազմահայրենասիրական դաստիարակության գործին: