Հարգելի պատմաբաններ, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի երիտասարդ գիտաշխատողների խորհուրդը կազմակերպում է հերթական` XXXI գիտական նստաշրջանը: Գիտական նստաշրջանին մասնակցել ցանկացողները մինչև 2009թ. դեկտեմբերի 25-ը իրենց զեկուցումները ներկայացնեն Ինստիտուտի գիտքարտուղար Հակոբ Մուրադյանին կամ Երիտասարդ գիտաշխատողների խորհրդի նախագահ Արտակ Մաղալյանին: Զեկուցումը պետք է լինի 6-10 էջ: Տառատեսակը` Arial Armenian, տառաչափը` 12, միջտողային հեռավորությունը` 1.5: Լավագույն աշխատանքները կտպագրվեն Պատմության ինստիտուտի ՙՀայոց պատմության հարցեր՚ տարեգրքի 11-րդ համարում:
Պատմության ինստիտուտը ձեռնամուխ է եղել Հայոց ամբողջական և անկողմնակալ պատմության ստեղծմանը
Մեր օրերում խիստ կարևոր նշանակություն է ձեռք բերել Հայաստանի և հայ ժողովրդի ամբողջական և անկողմնակալ պատմության ստեղծումը: Հենվելով ՀՀ Կառավարության <<Հաստատել ՀՀ-ում հայագիտության զարգացման գերակայության>> որոշմանը, Պատմության ինստիտուտը ձեռնամուխ է եղել դրա իրականացման կոնկրետ ծրագրին: Այս ծրագրի հիմնական նպատակը պատմագիտության նվաճումների ընդհանրացումն է և նորահայտ արխիվային նյութերի ու փաստաթղթերի հիման վրա Հայոց պատմության նորովի ամբողջ շարադրանքի ստեղծումը: Հայոց պատմությունը ներկայացվելու է երեք լեզուներով` հայերեն չորս հատորով և երկուական ռուսերեն ու անգլերեն լեզուներով: Ծրագրում նախատեսվում է իրականացնել հետևյալ աշխատանքները.
Առաջին հատորում, որն ընդգրկելու է Հայաստանի պատմությունը հնագույն ժամանակներից մինչև IX դարը, առանձնակի ուշադրություն է հատկացվելու հայոց ինչպես հնագույն` մ.թ.ա. III-II հազարամյակների պետական կազմավորումների, այնպես էլ Վանի (մ.թ.ա. IX-VI դդ.), Երվանդունյաց, Արտաշեսյան, Արշակունյաց պետականությունների հիմնահարցերի վրա: Նոր պատմահնագիտական և լեզվաբանական նյութի քննությամբ հատուկ հետազոտության առարկա են դառնալու հայ ժողովրդի կազմավորման, հայերի հնդեվրոպական ծագման, նրանց` տեղաբնիկ լինելու հարցերը: Ցույց է տրվելու Հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության շարունակությունն ու ներքին շաղկապվածությունը: Այս և մյուս հատորներում պետք է ըստ արժանվույն ներկայացվի 1700-ամյա Հայ Առաքելական եկեղեցու պատմությունն ու ազգանվեր գործունեությունը:
Երկրորդ հատորը ներառելու է Հայոց Բագրատունիներից մինչև XVIII դ. վերջերի պատմական անցքերը: Ցույց է տրվելու թուրք-ադրբեջանական գիտական շրջանակների պատմագրության կողմից հրապարակ հանված` միջնադարում հայկական պետականության և ազգային ինքնության "բացակայության" վերաբերյալ կեղծ դրույթների սնանկությունը` լայնորեն լուսաբանելով ինչպես Բագրատունիների, Զաքարյանների, Կիլիկյան Հայաստանի պետականությունների, այնպես էլ ավելի ուշ` Արցախի, Սյունիքի մելիքությունների, XVI-XVIII դդ. ազատագրական շարժումների պատմությունը: Հատկապես զգալի աշխատանք կա հայոց պատմության նոր և նորագույն ժամանակաշրջանների հիմնախնդիրների լուծման գործում, որոնց նվիրվելու են երրորդ և չորրորդ հատորները:
Երրորդ հատորում ներառվելու է XVIII դ. վերջերից մինչև 1917 թ. ընկած ժամանակահատվածի ուսումնասիրությունը:
Չորրորդ հատորում նախատեսվում է քննել 1917 թ.-ից մինչև մեր օրերն ընկած ժամանակահատվածի պատմական իրադարձությունները: Բազմահատորյակի եզրափակիչ մասում հատուկ ուշադրության են արժանանալու Արցախյան հերոսական շարժման և հայոց անկախ պետականության վերականգնման ու կայացման, Հայաստանի Հանրապետության ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներքին ու արտաքին խնդիրները: