Նորություններ - Հայտարարություններ - Թարմացումներ

ՊԱՐԶԱԲԱՆՈԻՄ ԵՎ ՀԱՎԵԼՈԻՄ

Քանի որ Բերձորի պատկանելության վերաբերյալ իմ գրառումը մեծ արձագանք է գտել և թափանցել է նաև որոշ լրատվամիջոցներ, հարկ եմ համարում լրացուցիչ պարզաբանել. ես այդ հարցում մտահոգ եմ և պատկան մարմիններից հստակ պարզաբանում եմ պահանջում, որպեսզի բերձորցիների մոտ ամեն ինչ հստակ լինի։ Եթե բնակավայրը մնալու է մեր և ռուսների հսկողության ներքո, մարդիկ իզուր խուճապի չմատնվեն։ Եթե աստված մի արասցե՝ ոչ, բնակիչներն իմանան իրենց անելիքը։ Խնդրում եմ իմ էջից վերցված գրառման հեղինակները տարածեն նաև այս գրառումը՝ բերձորցիների շրջանում անտեղի անհանգստություն չառաջացնելու համար։
 

ԱՀԱԶԱՆԳ

Արդեն երրորդ շաբաթն է լրատվամիջոցներով հարց եմ բարձրացրել, դիմել եմ տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների, որպեսզի պարզեմ, թե նոյեմբերի 9֊ի չարաբաստիկ հայտարարությունն արդյոք չունի գաղտնի հավելված՝ շատ ավելի վատթար կետերով։ Պատասխան ոչ մեկը չունի։ Պահանջում եմ պաշտոնական պարզաբանում։ Այսօր հարցերի հարցը Բերձոր (Լաչին) շրջկենտրոնի խնդիրն է։ Կասկած չունեմ, որ Սոդքի հանքի մի մեծ հատվածը բռնազավթելուց հետո նոյեմբերի 30-ի կեսգիշերին ադրբեջանական զինուժը մտնելու է նաև Բերձոր բնակավայր՝ պատճառաբանելով, թե ըստ փաստաթղթի Լաչինը վերադարձվում է իրենց։ Դա կնշանակի անտեսել ճանապարհի երկայնքով հինգ կմ լայնությամբ միջանցք ունենալու մեր իրավունքը։ Չէ որ ճանապարհն անցնում է Բերձորի միջով, և շրջկենտրոնը հինգ կմ լայնությամբ հիմնականում տեղավորվում է այդ միջանցքի մեջ։ Դիմում եմ մեր իշխանություններին և պահանջում՝ ռուսական կողմի օժանդակությամբ ամեն ինչ անել ՀՀ և ԱՀ կյանքի ճանապարհի վրա գտնվող Բերձորը թշնամուն չթողնելու համար։ Դրանից է կախված Արցախի վաղվա օրը։