Հարգելի բարեկամ ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի պատմության ինստիտուտի ինտերնետային կայքի ստեղծումը կարևոր իրադարձություն է մեր հաստատության կյանքում: Այն հնարավորություն է ընձեռում համայն աշխարհին նորագույն հաղորդակցման և տեղեկատվության փոխանակման մեթոդներով տեղեկանալ Հայոց լեռնաշխարհի, Հայ ժողովրդի կազմավորման, պետական կազմավորումների, Հայկական հարցի ու Հայոց ցեղասպանության, Հայկական սփյուռքի, ԼՂՀ հռչակման և կայացման, ազգային ազատագրական պայքարի և Հայոց պատմությանն առնչվող տարրաբնույթ այլ խնդիրներին: Կայքը կներկայացնի աշխարհասփյուռ հայությանը և օտարներին հայի ինքնությունն ու անցած ուղին` հայերեն, ռուսերեն, այնպես էլ անգլերեն լեզուներով: Կայքի հիմնական խնդիրներից է նաև համարժեք գնահատական տալը պատմական ճշմարտության բոլոր խեղաթյուրումներին և աղավաղումներին, որոնք մեր օրերում արդեն դարձել են սովորական երևույթ:
ՀՀ ԳԱԱ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՏՆՕՐԵՆ, Պ.Գ.Դ, ՊՐՈՖԵՍՈՐ, ՀՀ ԳԱԱ ԹՂԹԱԿԻՑ ԱՆԴԱՄ ԱՇՈՏ ՄԵԼՔՈՆՅԱՆ
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտը պետական ոչ-առևտրային կազմակերպություն է, որը գտնվում է ՀՀ Կրթության և գիտության նախարարության գերատեսչական ենթակայության տակ: Ինստիտուտի գործունեության նպատակն է իր մասնագիտացմանը համապատասխան` գիտական, գիտատեխնիկական հետազոտություններ, գիտակրթական, խմբագրական, հրատարակչական աշխատանքներ կազմակերպելն ու իրականացնելը, գիտական կադրերի պատրաստումը, հանրապետական և միջազգային գիտական կազմակերպությունների հետ համագործակցությունը և համատեղ գիտական ծրագրերի իրականացումը: Պատմության ինստիտուտի կազմավորումը անցել է բարդ և դժվարին ուղի: Նախ 1925 թ. հիմնադրվեց Հայաստանի գիտության և արվեստի ինստիտուտը, որը 1930-ին վերանվանվեց Գիտությունների ինստիտուտի: Այն իր շուրջն էր համախմբում պատմության, հնագիտության, արվեստագիտության և հումանիտար այլ բնագավառների հետազոտողներին: 1932 թ. ստեղծվեց Կուլտուրայի պատմության ինստիտուտը: Այս ինստիտուտի հիման վրա 1935-ին կազմավորվեց ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի հայկական մասնաճյուղը (Արմֆան), որի կազմի մեջ մտավ նաև Պատմության և Գրականության ինստիտուտը: 1943 թ. նոյեմբերին ՀԽՍՀ ժողկոմխորհի հրամանագրով ԽՍՀՄ ԳԱ Հայկական մասնաճյուղի հիման վրա ստեղծվում է Հայաստանի Գիտությունների Ակադեմիան: Ակադեմիայի կազմում պատմության ինստիտուտը դառնում է առանձին հաստատություն: Պատմության ինստիտուտի հիմնադրումը Գիտությունների ակադեմիայի կազմում նոր թափ հաղորդեց հայ պատմագրության զարգացմանը: Ինստիտուտը դարձավ մասնագետ պատմաբանների պատրաստման կարևոր կենտրոն, որն առանձնանում էր հետազոտությունների լայն շրջանակներով, գիտահետազոտական հիմքով և նոր մոտեցումներով: Պատմության ինստիտուտը նպատակաուղղված զբաղվում է հայ ժողովրդի և Հայոց պատմության բոլոր ժամանակաշրջանների ուսումնասիրությամբ: Ներկայումս պատմության ինստիտուտի աշխատակիցները 118-ն են, որոնցից 47-ը` կանայք են, գիտաշխատողները` 85 են, որոնցից 27-ը կին: Ինստիտուտը ունի հզոր գիտական ներուժ` 5 ակադեմիկոս, գիտությունների 24 դոկտոր և գիտությունների 46 թեկնածու: 2008 թ. ինստիտուտում իրենց գիտական հետազոտությունն են կատարում 8 ասպիրանտներ: Պատմության ինստիտուտի առաջին տնօրենն էր Հայաստանի գիտությունների Ակադեմիայի պրեզիդենտ, ակադեմիկոս Հովսեփ Օրբելին: Օրբելուն փոխարինել են Ա. Հովհաննիսյանը, Ս. Երեմյանը, Ա. Հարությունյանը (Հարենցը), Գ. Գալոյանը և Հ. Ավետիսյանը: 2002 թ. մինչ օրս ինստիտուտը ղեկավարում է պ.գ.դ, պրոֆեսոր, ԳԱԱ թղթակից անդամ Ա.Ա. Մելքոնյանը:
Նորություններ և հայտարարություններ
Հարգելի պատմաբաններ, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի երիտասարդ գիտաշխատողների խորհուրդը կազմակերպում է հերթական` XXXI գիտական նստաշրջանը: Գիտական նստաշրջանին մասնակցել ցանկացողները մինչև 2009թ. դեկտեմբերի 25-ը իրենց զեկուցումները ներկայացնեն Ինստիտուտի գիտքարտուղար Հակոբ Մուրադյանին կամ Երիտասարդ գիտաշխատողների խորհրդի նախագահ Արտակ Մաղալյանին: Մնրամասները` <<Նորություններ և հայտարարություններ>> բաժնում
2009 թ. հունիսի 15-16-ին Երևանում անցկացվել է ԱՊՀ երկրների Պատմության ինստիտուտների Միջազգային Ասոցիացիայի 5-րդ նստաշրջանը: Նստաշրջանի շրջանակներում անցկացվեց կլոր սեղան` <<Խորհրդային հանրապետությունների պետաիրավական կարգավիճակը. ընդհանրությունները և առանձնահատկությունները>> թեմայով: Հունիսի 15-21-ին կրկին Երևանում անցկացվեց ԱՊՀ երկրների երիտասարդ գիտնական-պատմաբանների 4-րդ Միջազգային ամառային դպրոցը`<<Առօրեականության պատմությունը ԱՊՀ երկրների պատմության ուսումնասիրության մեջ>> թեմայով: Բացումը տեղի է ունեցել ՀՀ ԳԱԱ նախագահության դահլիճում:
Պատմության ինստիտուտը ձեռնամուխ է եղել Հայ ժողովրդի ամբողջական պատմության ստեղծմանը: ավելին...
Պատմ. գիտ. դոկտ. Հ. Ս. Սվազյանի մենագրությունը նվիրված է Աղվանք պետության քաղաքական, սոցիալ-տնտեսական պատմության ուսումնասիրությանը հնագույն ժամանակներից մինչև մ. թ. VIII դ. :
ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, պատմական գիտությունների դոկտոր Վարուժան Արամազդի Պողոսյանի ՙՆապոլեոնի հայազգի զինակիցները. պատմություն և առասպելներ՚` երեք գլխից բաղկացած գիրքը նվիրված է Նապոլեոնի հայազգի զինակիցներին:
Արտակ Մաղալյանի աշխատասիրությամբ լույս է տեսել XVIII դարի ռուս պատմագիր Վասիլի Բրատիշչևի <<Բացատրութիւն անցիցն անցելոց ի մէջ Շահ Նադիրայ եւ աւագ որդւոյ նորին Ռզա-Ղուլի Միրզին տրտմալի պատահմանց>> աշխատության հայերեն թարգմանությունը:
Աշոտ Մելքոնյանը հրատարակել է <<Արարատ. Հայոց անմահության խորհուրդը>> աշխատությունը: ավելին...
Հրատարակվել է Հ. Բարթիկյանի <<Պարթենիոս Աթենացու Պաղեստինի Կեսարիայի մետրոպոլիտի պատմություն հունաց և հայոց տարաձայնության>> աշխատությունը:ավելին...
ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Վարուժան Պողոսյանի մենագրությունը նվիրված է Հայոց ցեղասպանության պատմագրության մեջ չուսումնասիրված թեմայի` ֆրանսիական պատմագրության կողմից 1909 թ. կիլիկիահայության կոտորածների ուսումնասիրության քննական վերլուծությանը:
2008 թ. Ինստիտուտի ձեռք բերած նշանակալի արդյունք է երիտասարդ պատմաբան, պ. գ. թ. Արտակ Մաղալյանի <<Արցախի մելիքությունները և մելիքական տները XVII-XIX դդ.>> աշխատությունը:
Վ. Ղարախանյանը հրատարակել է <<Գալուստ Կյուլպենկյան>> հիմնարկության հայանպաստ գործունեությունը. 1956–2006 թթ.>> մենագրությունը: