Նորություններ - Հայտարարություններ - Թարմացումներ

«Թաթուլ Կրպեյան. Հյուսիսային Արցախի Գետաշենի ենթաշրջանի ինքնապաշտպանությունը»

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտում 2016 թվականի հոկտեմբերի 25-ին տեղի ունեցավ Իրինա Բարսեղյան-Կրպեյանի «Թաթուլ Կրպեյան. Հյուսիսային Արցախի Գետաշենի ենթաշրջանի ինքնապաշտպանությունը» մենագրության շնորհանդեսը, որին ներկա էին ինստիտուտի աշխատակիցներ, ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչներ՝ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի գլխավորությամբ, գեներալներ, Թաթուլ Կրպեյանի մարտական ընկերներ, մշակույթի գործիչներ, լրագրողներ, հեղինակի մտերիմներ ու բարեկամներ: Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը հանդես եկավ բացման խոսքով, որին հաջորդեց հեղինակի՝ Իրինա Բարսեղյան-Կրպեյանի զեկույցը, որը ներկայացնում էր մենագրության համառոտ բովանդակությունը:

 

Աշոտ Մելքոնյանը նշեց, որ «Արցախյան շարժման վերաբերյալ շատ միջոցառումներ են կազմակերպվել պատմության իստիտուտում, սակայն այս գրքի շնորհանդեսն առանձնահատուկ եմ համարում այն իմաստով, որ այն էպոխայի մեծարման մասին է: Իրինա Բարսեղյան-Կրպեյանի ատենախոսությունը ծրագրելիս դեռ այն ժամանակ որոշվել էր շարադրել ոչ թե զուտ անհատի, այլ տվյալ էպոխայի պատմությունը: «Անհատներ կան, որ էպոխա են ներկայացնում: Գիրքը ոչ միայն անհատի մասին է, այլ մի դարաշրջանի, որը ձևավորել են Թաթուլ Կրպեյանն ու իր զինակիցները: Ազգային շարժման ակունքներում է Թաթուլ Կրպեյանը: Որպես պատմաբան, ես գիտեի, որ այն, ինչը հերոսապատում է, մեր դարին չի պատկանում: Բայց շատ շուտով համոզվեցի, որ հենց մեր դարում են ծնվում հերոսապատումներ, և դրանցից ամենավառն ու իրականը հյուսվել է Թաթուլի անվան շուրջ: Ես էլ երիտասարդության տարիներին ծանոթ եմ եղել Թաթուլին, ազդվել նրա խրոխտ կերպարից, երգեցողությունից: Թաթուլի հերոսապատումը դաս է նրանց համար, ովքեր ներկայումս հսկում են առաջնագիծը: Թ. Կրպեյանը, լինելով պատմաբան, մի կողմից՝ իր մասնագիտական պարտականություններն է կատարել Գետաշենում՝ ուսուցանելով փոքրիկներին, մյուս կողմից՝ իր անձնական օրինակով հայրենի հողը պաշտպանելու և ոսոխին ամեն գնով չհանձնելու դասեր տվել: Մեր դարաշրջանն արդեն պատմության հերոսապատում է, որի ակունքներում Թաթուլ Կրպեյանն է»,-ասաց Աշոտ Մելքոնյանը:

Իրինա Բարսեղյան-Կրպեյանը, ավարտելով զեկուցումն, ասաց. «Թաթուլ Կրպեյանն ու իր զինակիցները դարձան հայրենիքին անմնացորդ նվիրվածության, անձնուրացության, հերոսության իսկական խորհրդանիշներ, ում անունով իրենց զենքերի վրա մինչև վերջ հանուն հողի և ազգի պայքարելու երդում տալով բազում ազատամարտիկներ մեկնեցին Արցախ հայոց նորագույն պատմության էջերը լրացնելով նոր սխրանքներով ու քաջագործություններով»:

Թաթուլ Կրպեյանի մասին հուշեր պատմեցին նրա մարտական ընկերները՝ Արշավիր Մելիքյանը, լիբանանահայ Սիմոն Գաֆալեանը, պարսկահայ Հարմիկ Հովեսեփեանը: Ելույթ ունեցավ նաև ՀՀ Ժողովրդական քանդակագործ Լևոն Թոքմաջյանը, ով այժմ աշխատում է Թաթուլ Կրպեյանի կիսանդրու վրա, որը պետք է տեղադրվի հերոսի անունը կրող մայրաքաղաքային զբոսայգում: Ասմունքող Վահագն Գալստյանն ընթերցեց բանաստեղծուհի Հասմիկ Սարգսյանի՝ «Ասք քաջորդի Թաթուլ Կրպեյանի հիշատակին» բանաստեղծությունը:

Ելույթների մեջ ամենահուզականը Թաթուլի դստեր՝ Ասպրամի խոսքն էր. «Շնորհավորում եմ բոլորիս, որովհետև շնորհիվ այս աշխատության, մոռացության վտանգից ու կորստից փրկվեց մեր պատմության մի որոշակի հատված, և այսուհետև մեր ձեռքին կլինի Գետաշենի ենթաշրջանի քառամյա ազգային-ազատագրական պայքարը վեր հանող և Հայաստանի ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի կյանքն ու գործն ամբողջացնող գրավոր հուշարձանը՝ ի փառս հայրենիքի ու հայ ժողովրդի հարատևության կյանքը զոհած բոլոր դյուցազունների ու նվիրյալների»,-խոսքը եզրափակեց Ասպրամ Կրպեյանը: