Ծաղկաձորում կայացավ ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանի ծննդյան 65-ամյակին նվիրված երիտասարդ գիտաշխատողների գիտական նստաշրջանը

Հուլիսի 3–5-ը Ծաղկաձորում կայացավ  Պատմության ինստիտուտի Երիտասարդ գիտաշխատողների խորհրդի հերթական գիտական նստաշրջանը՝ նվիրված պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանի ծննդյան 65-ամյակին։

Գիտական նստաշրջանը կազմակերպվել էր Հայագիտական ուսումնասիրությունները ֆինանսավորող համահայկական հիմնադրամի դրամաշնորհով։

Նստաշրջանի պաշտոնական բացումը տեղի ունեցավ հուլիսի 4-ին։ Բացման խոսքով հանդես եկավ Պատմության ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, պատմական գիտությունների թեկնածու Համո Սուքիասյանը։ Իր խոսքում նա կարևորեց գիտական նստաշրջանների դերը երիտասարդ հետազոտողների մասնագիտական կայացման, պատմագիտական արդիական խնդիրների շուրջ գիտական երկխոսության զարգացման և ինստիտուցիոնալ համագործակցության ամրապնդման գործում՝ առանձնակի ընդգծելով ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանի բացառիկ ավանդը հայ պատմագիտության զարգացման, գիտական դպրոցի ձևավորման և երիտասարդ պատմաբանների սերնդի կրթության ու դաստիարակության գործում։

Նստաշրջանի լիագումար նիստն ամբողջությամբ նվիրված էր ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանի գիտական ժառանգության բազմակողմանի գնահատմանը։ Ներկայացված զեկուցումները վերլուծում էին նրա ներդրումը հայ պատմաժողովրդագրական դպրոցի ձևավորման, Լոռու և Ջավախքի պատմության ուսումնասիրության, Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության հիմնախնդիրների գիտական հետազոտության, երիտասարդ մասնագետների պատրաստման, ինչպես նաև հայ-վրացական պատմագիտական համագործակցության զարգացման գործում։ Առանձին զեկուցմամբ ներկայացվեց նաև ակադեմիկոսի գործունեությունը որպես գիտական ղեկավար և պատմագիտական դպրոցի ձևավորող՝ ընդգծելով նրա նշանակալի դերակատարությունը երիտասարդ հետազոտողների մասնագիտական կայացման գործընթացում։

Գիտական նստաշրջանի աշխատանքները շարունակվեցին երեք մասնագիտական նիստերով, որոնց ընթացքում ներկայացվեցին զեկուցումներ՝ Հայոց պատմության, հնագիտության, պատմական ժողովրդագրության, եկեղեցու պատմության,  խորհրդային շրջանի պատմության, պատմամշակութային ժառանգության, Հայոց ցեղասպանության, Արցախի պատմության և ժամանակակից պատմագիտական այլ հիմնահարցերի վերաբերյալ։ Նստաշրջանին մասնակցեցին Պատմության ինստիտուտի երիտասարդ գիտաշխատողները, ասպիրանտներն ու հայցորդները, ինչպես նաև Հայաստանի ազգային արխիվի, Երևանի պետական համալսարանի, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ներկայացուցիչները։

Գիտական նստաշրջանի արդյունքներն ամփոփելիս ընդգծվեց, որ նման ձևաչափի գիտական միջոցառումները կարևոր հարթակ են երիտասարդ պատմաբանների մասնագիտական առաջընթացի, նոր գիտական գաղափարների շրջանառության, գիտական փորձի փոխանակման և հայ պատմագիտության արդիական հիմնահարցերի շուրջ մասնագիտական քննարկումների խորացման համար՝ միաժամանակ շարունակելով այն գիտական ավանդույթները, որոնց ձևավորման և զարգացման գործում ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանն ունեցել է առանցքային դեր։

Նստաշրջանի ավարտին ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը շնորհակալություն հայտնեց գիտական նստաշրջանի կազմակերպիչներին, զեկուցողներին և բոլոր մասնակիցներին՝ բարձր գնահատելով երիտասարդ գիտաշխատողների նախաձեռնողականությունն ու գիտական ակտիվությունը։