2026 թվականի հուլիսի 17-ին Պատմության ինստիտուտում տեղի ունեցավ հայ անվանի պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ազատ Սուրենի Համբարյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հանրապետական գիտաժողովը։

Գիտաժողովը բացեց Պատմության ինստիտուտի տնօրենի ժ/պ, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Համո Սուքիասյանը։ Բացման խոսքով և հոբելյարի գիտական ժառանգության արժևորմանն ուղղված ելույթներով հանդես եկան ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, Պատմության ինստիտուտի գլխավոր գիտաշխատող Աշոտ Մելքոնյանը, ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդիկ Մինասյանը, պատմական գիտությունների դոկտոր Արարատ Հակոբյանը և ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակից Սամվել Մկրտչյանը։
Գիտաժողովն անցկացվեց երկու նիստերով։ Առաջին նիստը նախագահում էր ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը, իսկ երկրորդը՝ պատմական գիտությունների դոկտոր Ռուբեն Սահակյանը։
Գիտաժողովի ընթացքում զեկուցումներով հանդես եկան Պատմության ինստիտուտի գիտաշխատողները՝ Սուրեն Սարգսյանը, Լիլիթ Քոսյանը, Մկրտիչ Դանիելյանը, Հասմիկ Ամիրջանյանը, Արմեն Կարապետյանը, Արմենուհի Ղամբարյանը, Գեղամ Հովհաննիսյանը և Ռուբեն Սահակյանը։ Զեկույցներում համակողմանիորեն անդրադարձ կատարվեց Ազատ Համբարյանի գիտակրթական գործունեությանը, նրա ուսումնասիրություններին՝ նվիրված արևմտահայ գաղթականությանը, Հայկական հարցին, ազգային-ազատագրական պայքարին, հայ քաղաքական կուսակցությունների պատմությանը, ինչպես նաև 1915 թվականի արևմտահայության ինքնապաշտպանական կռիվների պատմության լուսաբանմանը։ Ընդգծվեց հոբելյարի աշխատությունների արդիական նշանակությունը հայ պատմագիտության զարգացման համատեքստում։
Զեկուցումներին հաջորդած քննարկումների ընթացքում մասնակիցները բարձր գնահատեցին Ազատ Համբարյանի գիտական վաստակը՝ ընդգծելով նրա նշանակալի ներդրումը նոր շրջանի Հայոց պատմության ուսումնասիրության, պատմագիտական դպրոցի ձևավորման և երիտասարդ պատմաբանների կրթության գործում։
Գիտաժողովի ավարտին ամփոփվեցին արդյունքները։ Միջոցառման եզրափակիչ հատվածում հուշերով և երախտագիտության խոսքերով հանդես եկան Ազատ Համբարյանի դուստրը և թոռնուհին։ Նրանք ներկայացրին պատմաբանի կյանքի և գործունեության մասին արժեքավոր հիշողություններ, անդրադարձան նրա մարդկային կերպարին և շնորհակալություն հայտնեցին գիտաժողովի կազմակերպիչներին՝ անվանի գիտնականի հիշատակը պատշաճ կերպով արժևորելու և նրա գիտական ժառանգությունը նոր սերունդներին փոխանցելու համար։

