Միջազգային գիտաժողով

2019 թ. սեպտեմբերի 20-21-ին Մոսկվայում՝ տաճարական համալիրում տեղի ունեցավ Հայ Առաքելական Ս. Եկեղեցու Ռու­սաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի Հայագիտական Կենտրոնի հրավիրած «Национальная классика в мировом художественном контексте. 150-летним юбилеям Комитаса и Ованеса Туманяна посвящается» խորագրով միջազգային գի­տա­ժողովը:

Հայաստանի Հանրապետությունից զեկուցմամբ հանդես եկավ 31 գիտաշխատող, որից 9-ը ՀՀ ԳԱԱ Արվեստի, 4-ը` Գրականության, 2-ը Պատմության ինստիտուտներից, երեքական մասնակից Երևանի Երևանի պետական համալսարանից և Պետական Կոնսերվատորիայից, երկուական մասնակից Վանաձորի պետական համալսարանից և Ռուս-հայկական (Սլավոնական) հա­մա­լսա­րանից, մեկական մասնակից Խ. Աբովյանի անվան Մանկավարժական համալսարանից, Մատենա­դա­րա­նից, Կոմիտասի թանգարան-ինստիտուտից, Հովհ. Թումանյանի թանգարանից, Կրթության ազգային ինստիտուտից և «Պատմաբանասիրական հանդես» ամսագրից:

Զեկուցմամբ հանդես եկավ ռուսաստանաբնակ 4 հայ և 4 ռուս գիտաշ­խա­տող Մոսկվա­յից և Սարանսկից: Հեռակա կարգով մասնակցում էր 22 գիտաշ­խա­տող Հայաստանից և մեկը Տամբովի պետական համալսարանից:

Գիտաժողովի միացյալ նիստում ելույթ ունեցան Պատմության ինստիտուտի Հին դարերի պատմության բաժնի վարիչ, առաջատար գիտաշխատող Գոհար Վարդումյանը և բաժնի գիտաշխատող Կարեն Թոխաթյանը:

Գ. Վարդումյանը հանդես եկավ «Աստվածը և Տիեզերքը Հովհաննես Թումանյանի բանաստեղծություններում» զեկուցումով: Ներկայացված 23 բանաստեղծությունների և քառյակների վերլուծությամբ ցույց տվեց, որ Բանաստեղծի անհանգիստ հոգու վերջին հանգրվանն, անշուշտ, Տիեզերքն ու Աստվածն էին, որոնց հետ նա հոգևոր զրույցի էր բռնված իր հասուն կյանքի ողջ ընթացքում:

Կ. Թոխաթյանը հանդես եկավ «Տիեզերքի ընկալումների արտացոլումը Հովհաննես Թումանյանի ստեղծագործության մեջ» զեկուցմամբ, որն ուղեկցվեց «Տիեզերաբանական պատկերացումները հնագույն Հայաստանում» պատ­կե­րաշարով: Տրված առանցքային հար­ցե­րը բավարար բացատրություն ստացան:

Գի­տա­ժողովի մասնակիցները Պ. Չայկովսկու անվան Կոնսերվատորիայի Մեծ դահլիճում ներկա եղան Կոմիտասյան ծրագրով համերգին: Գիտաժողովի ավարտին հրաշալի ելույթներ ունեցան Մոսկվայի երգի ու պարի խմբե­րի սաները:

Գիտաժողովն ընթացավ թեմի առաջնորդ արքեպ. Եզրաս Ներսիսյանի աջակցությամբ և գործուն մասնակցությամբ, ջերմ ու գիտական մթնոլորտում: