ԲԱՑ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ-ՏԵՍԱԶԵԿՈՒՑՈՒՄ ՎՐԱՍՏԱՆԻ ԳԻՏԱԿՐԹԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ԾԱԳՄԱՆ ԵՎ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

2025 թվականի սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 3-ը ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի հին դարերի բաժնի աշխատակից Հարություն Խուդանյանը Վրաստանի առաջատար մի շարք գիտակրթական հաստատությունների՝ Թբիլիսիի Կովկասի համալսարանի, Թբիլիսիի պետական համալսարանի հայագիտության ամբիոնի, Իվանե Ջավախիշվիլու անվան պատմության ինստիտուտի և Իլիայի պետական համալսարանի արևելագիտության ինստիտուտի հրավերով հանդես է եկել բաց դասախոսությամբ՝ նվիրված հայ ժողովրդի ծագման և ձևավորման հիմնահարցերին։

Հարություն Խուդանյանի «Հայ ժողովրդի ծագումն ու ձևավորումը նորագույն տվյալների լույսի ներքո» թեմայով դասախոսությունը լայն հետաքրքրություն է առաջացրել ինչպես ակադեմիական շրջանակներում, այնպես էլ ուսանողների շրջանում։

Առաջին դասախոսությունը կայացել է Թբիլիսիի պետական համալսարանի հայագիտության ամբիոնում, որտեղ ներկա էին ամբիոնի դասախոսական կազմը, ուսանողներ և հետաքրքրված մասնագետներ։ Դասախոսությանը մասնավորապես մասնակցել են ամբիոնի վարիչ, հայագետ Նաթիա Չանթլաձեն, գիտաշխատողներ Լելա Ջեջելավան, Նինո Ափցիաուրին, Խաթունա Գափրինդաշվիլին և Դալի Չիտունաշվիլին։

Հոկտեմբերի 1-ին Հ. Խուդանյանը իր տեսազեկուցմամբ հանդես է եկել Կովկասի համալսարանում, որը տեղակայված է հայ մեծահարուստ Ալեքսանդր Մանթաշյանցի կողմից կառուցված՝ նախկին Ներսիսյան հայկական դպրոցի պատմական շենքում։ Դասախոսությանը մասնակցել են համալսարանի պրոռեկտոր Գուրամ Լեժավան, պատմության ֆակուլտետի դեկան Դավիթ Նատրոշվիլին, դասախոսներ և բազմաթիվ ուսանողներ։ Նշենք, որ Կովկասի համալսարանը ժամանակակից կրթական բոլոր հարմարություններով օժտված կրթօջախ է, որտեղ սովորում են շուրջ 10.000 ուսանող, այդ թվում՝ նաև հայեր։

Հոկտեմբերի 2-ին Հ. Խուդանյանը հրավիրված է եղել Իլիայի պետական համալսարանի արևելագիտության ինստիտուտ, որտեղ նրան ջերմորեն է ընդունել ինստիտուտի տնօրեն Գիորգի Սանիկիձեն։ Դասախոսությունը անցել է կառուցողական և բարեկամական մթնոլորտում, իսկ պարոն Սանիկիձեն իր շնորհակալական խոսքում փոխանցել է իր ջերմ ողջույնները հայ գործընկերներին։

Հոկտեմբերի 3-ին Հ. Խուդանյանի վերջին բաց դասախոսությունը կայացել է Թբիլիսիի պետական համալսարանի պատմության ինստիտուտում, որտեղ նա արժանացել է բարձր գնահատանքի և հյուրընկալ ընդունելության՝ պատմության ինստիտուտի տնօրեն Գիորգի Ճեիշվիլու, փոխտնօրեն Վալերիան Վաշակիձեի, գիտական խորհրդի նախագահ Լավրենտի Ջանիաշվիլու, ազգագրագետ Գիորգի Մամարդաշվիլու և այլոց կողմից։

Տեսազեկուցման ավարտին տեղի է ունեցել հետաքրքիր քննարկում՝ հարցուպատասխանի ձևաչափով, որի ընթացքում հնչել են մասնագիտական դիտարկումներ և արժեքավոր լրացումներ։