Ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանի զեկուցումը Ս. Պետերբուրգում տեղի ունեցած միջազգային գիտաժողովում

Ս. թ. սեպտեմբերի 29-30-ին Սանկտ Պետերբուրգում 18 երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ անցկացվեց միջազգային գիտաժողով՝ նվիրված դպրոցական դասագրքերում պատմություն առակայի դասավանդման խնդիրներին։ Գիտաժողովի բացմանը ողջույնի խոսքով հանդես եկան ՌԴ գիտությունների ակադեմիայի համաշխարհային պատմության ինստիտուտի գիտական ղեկավար, ակադեմիկոս Ալեքսանդր Չուբարյանը, Սանկտ Պետերբուրգի իշխանությունների ներկայացուցիչներ։

Հայաստանը ներկայացնող ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն ակադեմիկոս Մելքոնյանի զեկուցումը վերաբերում էր անկախության տարիներին հանրապետությունում ստեղծված նոր դասագրքերում տեղ գտած նորամուծություններին, խորհրդային ժամանակաշրջանում թույլ տրված աղավաղումների շտկումներին։ Բանախոսը բավական հանգամանորեն անդրադարձավ հետխորհրդային տարիներին Ադրբեջանի դպրոցական դասագրքերում Հայաստանի և Ռուսաստանի պատմության աղաղակող խեղաթյուրումներին և զարգացրեց այն միտքը, որ դրանք պատահական բնույթ չեն կրել և նպատակ են հետապնդել հիմնավորելու Ադրբեջանի տարածքային նկրտումները Հայաստանի նկատմամբ, ինչին այսօր  պետական մակարդակով լծվել է Ադրբեջանի ղեկավարությունը։

Թուրքիայի ներկայացուցիչ Դույգու Յենուե Ուսքուփլյուին Ա. Մելքոնյանը հասցեագրեց հետևյալ հարցը. «Եթե ըստ Ձեզ Թուրքիայի Հանրապետությունում գրվում են անաչառ դասագրքեր, ապա ինչու դրանցում բացակայում է Առաջին աշխարհամարտի ընթացքում հայերի, ասորիների ու հույների ցեղասպանության փաստը»։ Նա չկարողացավ հստակ պատասխան տալ՝ պատճառաբանելով, որ ինչ-որ միջազգային դատարան որոշել է, որ նման բան չի եղել։ ՌԴ ԳԱ համաշխարհային պատմության ինստիտուտի գիտքարտուղար Մաքսիմ Յակովլևի լրացուցիչ հարցը, թե այդ դեպքում Ձեր անձնական կարծիքն ինչ է, մնաց անպատասխան։

Ա.Մելքոնյանի առաջարկով գիտաժողովի ընդունած բանաձևում տեղ գտավ պատմության ուսումնական դասագրքերում կեղծարարության անթույլատրելիության և դրա քաղաքական վտանգավորության վերաբերյալ ձևակերպում։

Առավել մանրամասն` հղումով  https://www.youtube.com/watch?v=coQCe6l9tRE