Կլոդ-Արմեն Մութաֆյան֊80

2022 թ. նոյեմբերի 1-­ին, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի նիստերի դահլիճում տեղի ունեցավ Գիտությունների Ազգային Ակադեմիայի ար­տասահմանյան անդամ, պատմական գիտությունների դոկտոր Կլոդ-Արմեն Մութաֆյանի «Երուսաղեմը եւ հայերը՝ մինչեւ օսմանյան տիրապետություն (1516 թ.)» գրքի շնորհանդեսը։

Շնորհավորելով ֆրանսահայ հայագետին իր ծննդյան 80-ամյակի եւ Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից «Մովսես Խորենացի» շքանշանին արժանանալու առիթով, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Ա. Մելքոնյանն անդրադարձավ Մութաֆյանի հայագիտության զարգացման մեջ նրա ունեցած լրջագույն ներդրումներին, ծանրակշիռ գիտական հրատարակություններին, միջազգային բարձրամակարդակ ցուցահանդեսների կազմակերպմանը։

Մութաֆյանի գիտական գործունեությունը բարձր գնահատեցին նաեւ ՀՀ ԳԱԱ Հասարակական գիտությունների բաժանմունքի վարիչ, ակադեմիկոս Յու. Սուվարյանը, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի «Հայ գաղթօջախների եւ սփյուռքի պատմության» բաժնի վարիչ, պգդ. Գ. Ստեփանյանը եւ նույն բաժնի գիտաշխատող Է. Թաջիրյանը։

Հեղինակը հանգամանորեն ներկայացրեց «Երուսաղեմը եւ հայերը՝ մինչեւ օսմանյան տիրապետություն (1516 թ.)» պատկերագիրքը՝ պատասխանելով ներկաներին հետաքրքրող հարցերին։ Անդրադարձավ նաեւ «Երուսաղեմի պատրիարքարանի գանձերը» թանգարանի վերաբացման հանգամանքներին։