«ԿԱՐԾԵՍ ՄԵՐ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԶ ՄՈՌԱՑԱՎ, և ԱՅՍՕՐ ՁԵՐ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆԸ ՀԱԿԱՌԱԿՆ Է ՎԿԱՅՈՒՄ». ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ԼՂՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՐԱՄԱՍԵՐ

2010 թ. սկսած ՀՀ պաշտպանության նախարարության առընթեր գործող Հասարակական խորհուրդը (նախագահ` Գեղամ Հարությունյան) կազմակերպում է այցելություններ ՀՀ և ԼՂՀ զորամասեր, որոնց գործուն մասնակցություն են ունենում նաև ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի աշխատակիցները:
2016 թ. սեպտեմբերի 10-11-ին տեղի ունեցավ հերթական այցելությունը ԼՂՀ պաշտպանության բանակ:

Մասնակիցներ թվում էին նաև ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի աշխատակիցները` տնօրեն, ակադեմիկոս, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Մելքոնյանի գլխավորությամբ:
Ստեփանակերտում դասախոսների խմբին ընդունեց ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը: Նա մանրամասն ներկայացրեց Պաշտպանության բանակում կատարվող բարեփոխումները: Ինքնին հասկանալի է, որ հրամանատարը անդրադարձավ 2016 թ. ապրիլյան քառօրյա պատերազմին:
Նախարարը ընդգծեց Հասարակական խորհրդի կողմից կազմակերպվող դասախոսությունների կարևորության մասին, քանի որ դրանով ապահովվում է բանակ-հասարակություն կապը: Նա միաժամանակ նշեց, որ հասարակական կազմակերպությունների և մտավորականության կողմից ՊԲ այցելություններն հատկապես ակտիվ էին ապրիլ-մայիսին, որից հետո դրանք որոշ չափով պակասեցին: Զինվորները ասում էին՝ «Կարծես մեր հասարակությունը մեզ մոռացավ, և այսօր ձեր այցելությունը հակառակն է վկայում»: Ողջունելով Հասարակական խորհրդի կողմից կազմակերպված այցը գեներալը փաստում է, որ նման այցելությունները խիստ անհրաժեշտ են և գտնում է, որ պետք է ավելի հաճախակի այցելել զորամասերը: Լ. Մնացականյանը պատասխանեց ներկաների հարցերին, այդ թվում ակադեմիկոս Ա. Մելքոնյանի այն հարցին, թե ինչպիսի քայլեր են կատարվում պահեստազորի հետ կապված հիմնախնդիրները լուծելու համար:
Սեպտեմբերի 11-ին դասախոսական խմբի անդամները մեկնեցի ՊԲ-ի տարբեր զորամասեր, որտեղ հանդես եկան դասախոսություններով, որոնք նվիրված էին ԼՂՀ անկախության 25-ամյակին: