Ի՞նչ է իրականում քննարկվել Պատմության ինստիտուտի գիտական խորհրդի նիստում

2026 թ. մարտի 3-ին 24news.am կայքում հրապարակվել է «Իշխանությունը «Արևմտյան Ադրբեջան»-ին վերաբերող քարտեզը Պատմության ինստիտուտ է մտցրել, տապալվել է» վերնագրով լրատվություն, որում ամբողջապես խեղաթյուրված է ներկայացվել 2026 թ. փետրվարի 25-ին ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի գիտական խորհրդի նիստում քննարկված հարցը։

Նշված նիստում, ի շարս այլ հարցերի, քննարկվել է ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի հայտարարած «Նպատակային ծրագրեր – 2027» մրցույթին (https://www.hesc.am/hy/calls/27target/) հայտեր ներկայացնելու հարցը։ Հաշվի առնելով, որ Պատմության ինստիտուտում տասնամյակներ շարունակ իրականացվում են Հայաստանի բնակավայրերի պատմությանը նվիրված հետազոտություններ և առկա է համապատասխան գիտական ներուժ, առաջարկվել է պատրաստել գիտահետազոտական ծրագրի հայտ և մասնակցել «Նպատակային ծրագրեր – 2027» մրցույթին՝ նպատակ ունենալով կատարել համապարփակ ուսումնասիրություն ՀՀ բնակավայրերի պատմության վերաբերյալ։ Առաջարկվել է ծրագիրն իրականացնել ՀՀ Կադաստրի կոմիտեի հետ համագործակցությամբ, քանի որ հետազոտության արդյունքները կարող էին օգտագործվել Կադաստրի կոմիտեի պատրաստած ՀՀ Ազգային գեոպորտալի «Աշխարհագրական անվանումների պետական քարտադարան»-ի (https://geoportal.am/map_geoportal?layer=geonames) տվյալներն առավել ամբողջական դարձնելու նպատակով: Նախատեսվել է ծրագրում ընդգրկել ոչ միայն Պատմության ինստիտուտի, այլև գիտահետազոտական այլ հաստատությունների մասնագետներին։

Քննարկված գիտական ծրագիրը պատրաստված (առավել ևս՝ «պարտադրված») չի եղել Կադաստրի կոմիտեի կողմից: Ինչ վերաբերում է բնակավայրերի «հին անուններին», ապա ոլորտին ծանոթ յուրաքանչյուր պատմաբան գիտի, որ Հայաստանի հնագույն տեղանունները հայկական են, որովհետև Հայկական լեռնաշխարհում հազարամյակներ շարունակ ապրել և սեփական ուրույն քաղաքակրթությունն են կերտել հայերը։ Առաջարկվող ծրագրի նպատակը լինելու էր այս հանգամանքի շեշտադրումը։

Քննարկման ընթացքում հնչել են կարծիքներ թեմայի կարևորության, ինչպես նաև հետազոտողների փոքրաթիվ խմբով նման ծավալուն ծրագիր իրականացնելու դժվարության մասին, ուստի մրցույթին մասնակցելու դիմում չի ուղարկվել:

Անընդունելի ենք համարում, որ գիտական բնույթի քննարկումը լրատվամիջոցին ներկայացվել է մանիպուլյատիվ ձևով և դավադրապաշտական ենթադրություններով։ Եթե քննարկված հարցի վերաբերյալ որևէ մեկի մոտ առաջացել էին թյուրըմբռնումներ կամ չպարզաբանված հարցեր, ապա կարող էր մանրամասն պարզաբանում ստանալ գործընկերներից:

ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտը չի՛ իրականացրել և չի՛ իրականացնելու որևէ գործունեություն, որը կարող է վնասել պետական շահերին կամ գիտականությանը:

 

Համո Սուքիասյան

ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրենի

ժամանակավոր պաշտոնակատար