Կիլիկյան Հայաստանի տնտեսական պատմությանը նվիրված զեկուցում՝ Վիտենբերգի միջազգային գիտաժողովում

Պատմության ինստիտուտի Միջին դարերի պատմության բաժնի վարիչ Զոհրաբ Գևորգյանը, 2026 թ. մայիսի 31-ից հունիսի 3-ի ընթացքում գիտական զեկուցմամբ մասնակցել է Արևելյան քրիստոնեական և հայկական ուսումնասիրությունների 2026 թ. ամառային սիմպոզիում-միջազգային գիտաժողովին, որը կայացել է Գերմանիայի Վիտենբերգ քաղաքում և կազմակերպվել էր Մարտին Լյութերի անվան համալսարանի Մեսրոպ հայագիտական կենտրոնի կողմից։

Գիտաժողովը համախմբել էր տարբեր երկրների հետազոտողների, որոնք ներկայացրել էին գիտական զեկուցումներ հայագիտության, կովկասագիտության, Մերձավոր Արևելքի պատմության և եվրոպական պատմության տարբեր ժամանակաշրջաններին նվիրված թեմաներով։ Զ. Գևորգյանը ներկայացրել է «Միջին դարերի «լողացող» ֆինանսները. Կիլիկյան Հայաստանում միջերկրածովյան առևտրի «արվեստը»» խորագրով գիտական զեկուցում և նախագահել է «Հայ եկեղեցին և արևելյան քրիստոնեական ինքնությունը» խորագրով նիստը։ Զ. Գևորգյանի զեկուցման կարևոր նպատակներից մեկն էր տնտեսական և առօրեական պատմությունը ներկայացնել Հայոց պատմության համատեքստում։ Այս մոտեցումն առանձնապես արդյունավետ է, քանի որ հնարավորություն է տալիս Հայոց պատմությունը դիտարկել համաշխարհային պատմության լայն համատեքստում և գլոբալ պատմական պրոցեսների հետ կապի մեջ։