Տեղի ունեցավ Պատմության ինստիտուտի առաջատար գիտաշխատող բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Դավիթ Գասպարյանի «Եղիշե Չարենցի գրական-քաղաքական աղերսները» գրքի շնորհանդեսը, որը կազմակերպվել էր Համազգային հայ կրթական և մշակութային միության Երևանի գրասենյակի և Պատմության ինստիտուտի համատեղ նախաձեռնությամբ։

Միջոցառմանը ներկա էին գիտական և մշակութային շրջանակների ներկայացուցիչներ։ Բացման խոսքով հանդես եկավ Համազգայինի Երևանի գրասենյակի տնօրեն Ռուզան Առաքելյանը՝ ընդգծելով աշխատության կարևորությունը չարենցագիտության բնագավառում։
Ողջույնի խոսքով հանդես եկավ Պատմության ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Համո Սուքիասյանը, որը կարևորեց Համազգայինի հետ համագործակցությունը և նշեց, որ աշխատությունն արժեքավոր ներդրում է Չարենցի կյանքի և գործունեության բազմակողմանի ուսումնասիրության գործում։
Գրքի պատմավավերագրական և գիտական արժեքին անդրադարձան Պատմության ինստիտուտի փոխտնօրեն, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Կարեն Խաչատրյանը, պատմական գիտությունների թեկնածու Արմեն Կարապետյանը, ինչպես նաև Համազգայինի Կենտրոնական վարչության անդամ Արտաշես Շահբազյանը։ Միջոցառման ընթացքում ելույթ ունեցավ նաև մեծանուն կոմպոզիտոր, մաեստրո Տիգրան Մանսուրյանը։
Շնորհանդեսի ավարտին հեղինակ Դավիթ Գասպարյանը ներկայացրեց գրքի ստեղծման պատմությունը և շնորհակալություն հայտնեց ներկաներին։

