«ՀԱՅՈՒԹՅԱՆ ՏԵՂԱՇԱՐԺԵՐԸ ԵՎ ՓՈԽԱԿԵՐՊՈՒՄՆԵՐԸ 20-ՐԴ ԴԱՐՈՒՄ ԵՎ 21-ՐԴ ԴԱՐԻ ՍԿԶԲԻՆ» ԽՈՐԱԳՐՈՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ

2023 թ. հունիսի 27-29-ը Բեյրութում (Լիբանան) տեղի ունեցավ «Հայության տեղաշարժերը և փոխակերպումները 20-րդ դարում և 21-րդ դարի սկզբին» խորագրով միջազգային երկրորդ գիտաժողովը (առաջինը կայացել էր 2022 թ. հունիսի 29-30-ին, Երևանում), որը նախաձեռնել էին Բեյրութի Հայկազյան համալսարանի Հայկական սփյուռքի ուսումնասիրության կենտրոնը և Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը։

Գիտաժողովին մասնակցում էին գիտնականներ Լիբանանից, Հայաստանից, Արցախից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից։ Շուրջ երկու տասնյակ զեկուցաբերների թվում ուշագրավ զեկուցումներով հանդես եկան ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի ավագ գիտաշխատող, պ. գ. թ., դոցենտ Լիլիթ Հովհաննիսյանը («Հայկական հարցի դիվանագիտական բովանդակության փոխակերպումները 1878-1923 թվականներին Հայաստանյան պատմագիտության լուսաբանմամբ (1991-2022)»), գիտաշխատող, պ. գ. թ. Անի Ֆիշենկչյանը («Սիրիահայերի տեղաշարժերը 1946-2010 թվականներին. փոխակերպման մարտահրավերներ»), գիտաշխատող, պ.գ.թ. Կարեն Մկրտչյանը («Տեղաշարժերը և ընկերային-կրթական խնդիրները Իրանի հայ գաղթօջախում՝ 1979-2020 թթ.»):