Վախճանվել է Ռիչարդ Տիգրանի Հովհաննիսյանը

Ռիչարդ Տիգրանի Հովհաննիսյանն այն գիտնականներից է, որի մասին չի կարելի խոսել անցյալ ժամանակով։

Ծնված լինելով Կալիֆորնիայիում 1932 թ․ նոյեմբերի 9-ին՝ Ռիչարդն իրեն մշտապես համարել է իր խարբերդցի ծնողների որդին և ինքն էլ իրեն՝ որպես խարբերդցի։ Հեղինակել է հինգ հիմնարար հատորյակներ, որոնք նվիրված են Հայաստանի առաջին Հանրապետությանը (1967-1996 թթ․ Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանում հրատարակելով ավելի քան 2500 էջ), եղել է «Հայ ժողովուրդը հնադարից մինչև նորագույն ժամանակներ» երկհատորյա աշխատության, ինչպես նաև մեր նահանգների մասին գրքի («Վան/Վասպուրական», «Բաղեշ/Բիթլիս և Տարոն/Մուշ», «Ծոփք/Խարբերդ», «Կարին/Էրզրում», «Սեբաստիա/Սիվաս», «Տիգրանակերտ/Դիարբեքիր և Եդեսիա/Ուրֆա», «Հայկական Կարս և Անի», շուրջ 3000 էջ՝ հրատարակված 2000-2011 թթ.) գլխավոր խմբագիր, իրական հայրենասեր և Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի հայոց նորագույն պատմության ամբիոնի հարգարժան վարիչ, իսկական տղամարդ և առաջնորդ իր տանը և հասարակությունում, 1990 թ․ Հայաստանի գիտությունների ակադեմիայի միաձայն ընտրված անդամ, հայոց կյանքի մշտական հետազոտող՝ լինի Երևանում, Գյումրիում կամ Աշտարակում, գիտական մտքի կրող, 1988 թ․ երկրաշարժից տուժածներին օգնություն ցուցաբերող ակտիվ մասնակից,  Արցախի ազատագրական շարժման, Հայոց ցեղասպանության և անկախության միջազգային ճանաչման ջերմեռանդ աջակից, որն այսօր մեզ լքեց՝ զրկելով իր հետ անձնական հաղորդակցությունից և տեղափոխվելով մեր հիշողություն։ Սրտանց ցավակցում ենք նրա ընտանիքին, գործընկներներին ու ուսանողներին և մեծ ափսոսանքով արտահայտում այս իրողությունը։