ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Միջին դարերի պատմության բաժնի վարիչ Զ․ Գևորգյանը մասնակցել է Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում 2026 թ․ մարտի 13-14-ը տեղի ունեցած «Studying Non-Elites in the Medieval Caucasus First International Conference of the Medieval Caucasus Network» միջնադարագիտական միջազգային գիտաժողովին, որտեղ հանդես է եկել «Կանայք, մասնավոր սեփականությունը և իշխանությունը․ ինչպես առևտուրը փոխեց կանանց սոցիալական դիրքը․ Մեծ Հայքից մինչև Կիլիկյան Հայաստան (12–14-րդ դարեր)» վերնագրով զեկուցմամբ։

Միջնադարում թղթի լայն տարածումն ու մատչելիությունը հնարավորություն ստեղծեց տարբեր սոցիալական շերտերի, այդ թվում՝ կանանց համար, փաստաթղթավորելու և տնօրինելու մասնավոր սեփականությունը, և, արդյունքում, նաև ձևավորելու ու ամրապնդելու իրենց սոցիալական դիրքը։ Ինչպե՞ս միջազգային և տեղական առևտրի զարգացումը հանգեցրեց սոցիալական փոփոխությունների, որոնց հետևանքով փոխվեցին նաև կանանց սոցիալական և իրավական դիրքերը։ Միջնադարյան հայկական իրավական ժողովածուներում, մասնավորապես՝ Մխիթար Գոշի և Սմբատ Սպարապետի օրենսգրքերում, առկա են բազմաթիվ օրենքներ, որոնք վերաբերում են կանանց իրավունքներին և նրանց սեփականությանը։ Զեկույցի հիմնական նպատակն էր ներկայացնել, թե ինչպես միջնադարյան հայկական հասարակություններում առևտրային հարաբերությունները ազդեցություն ունեցան տարբեր սոցիալական փոփոխությունների վրա, հատկապես՝ կանանց սոցիալական և իրավական դիրքերի փոփոխության առումով։

