«ՕՏԱՐ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ ՀԱՅԿԱԿԱՆ ԳԱՂԹԱՎԱՅՐԵՐԻ ՄԱՍԻՆ». ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՅՐ ՂԵՎՈՆԴ ԱԼԻՇԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 200-ԱՄՅԱԿԻՆ

2020 թ. սեպտեմբերի 15-16-ին ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի Հայ գաղթօջախների և սփյուռքի պատմության բաժինը կազմակերպել էր առցանց միջազգային գիտաժողով՝ «Օտար աղբյուրները հայկական գաղթավայրերի մասին» խորագրով: Այն նվիրված էր հայ մեծանուն բանասեր, պատմաբան, հնագետ, աշխարհագրագետ, բանաստեղծ, թարգմանիչ, մանկավարժ, խմբագիր, Վենետիկի Մխիթարյան միաբանության անդամ (1838 թ.) Հայր Ղևոնդ Ալիշանի (Քերովբե Պետրոս-Մարգարի Ալիշանյան) (1820 թ., Կ. Պոլիս - 1901 թ., Վենետիկ) ծննդյան 200-ամյակին:

Գիտաժողովի գործընկերն էր Շուշիի տեխնոլոգիական համալսարանը (Արցախի Հանրապետություն):

Պատահական չէ, որ «Օտար աղբյուրները հայկական գաղթավայրերի մասին» միջազգային գիտաժողովը նվիրվել է Հայր Ղևոնդ Ալիշանի ծննդյան 200-ամյա հոբելյանին, քանի որ, ապրելով և ստեղծագործելով արտերկրում, նրա գրվածքներն առանձնանում են հայրենագիտական, գաղութագիտական ու հայագիտական հարուստ և բացառիկ տվյալների իմացությամբ շարադրված են ճշգրտությամբ ու նախանձախնդրությամբ, հագեցած են օտարությունից հնչող անսահման կարոտախտով, ազգային արմատներին կառչած մնալու, ինչպես նաև, տարբեր լեզուներ գիտենալով հանդերձ, ազգային դիմագիծը պահպանելու և սերունդներին հայրենասիրությամբ դաստիարակելու անհուն ձգտումով:

Երբեմնի անհետացած հայ գաղթօջախների և կամ կազմակերպված ու նորերս կազմակերպվող հայ համայնքների, ինչպես նաև ընդհանրապես Հայաստանի և հայերի վերաբերյալ օտար սկզբնաղբյուրների բազմակողմանի ուսումնասիրումը հույժ կարևոր նշանակություն ունի հայ և համաշխարհային պատմագիտության ու աղբյուրագիտության զարգացման համար:

Լայն ընդգրկում ունեցող սույն գիտաժողովին մասնակցության հայտ էր ներկայացրել ոչ միայն Հայաստանից (ՀՀ և ԱՀ), այլև աշխարհի ութ երկրներից (Իտալիա, Ֆրանսիա, Շվեյցարիա, Հունգարիա, Բուլղարիա, Հունաստան, Ռուսաստանի Դաշնություն, Ուկրաինա) շուրջ երեք տասնյակ հետազոտող: Նրանք հնարավորություն ունեցան լուսաբանելու հայ գաղթօջախների ու համայնքների, ինչպես նաև հայության պատմության մասին տարբեր ժամանակաշրջանների (հնագույն ժամանակներից մինչև մեր օրեր) և աշխարհաքաղաքական տարբեր տարածքների (Արևմտյան ու Արևելյան Եվրոպա, Մերձավոր ու Միջին Արևելք, Օսմանյան կայսրություն, Ռուսաստան, Ուկրաինա, Վրաստան, Արևելյան Այսրկովկաս, ԱՄՆ և այլն) վերաբերյալ առկա աղբյուրագիտական հարուստ ժառանգությունը:

Բացելով գիտաժողովը՝ ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի Հայ գաղթօջախների և սփյուռքի պատմության բաժնի վարիչ, պ. գ. դ., պրոֆեսոր Գևորգ Ստեփանյանը ներկայացրեց հայ գաղթականության պատմության ուրվագիծը և առկա գրականությունը: Անդրադառնալով հայ սփյուռքի պահպանման հրատապ խնդրին՝ նա նշեց, որ «սփյուռքահայերի ինքնության պահպանման և ձուլման վտանգից խուսափելու միակ ճանապարհը հայրենադարձությունն է՝ հանգրավանելը Մայր Հայրենիքում»:

ՀՀ կառավարության սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն իր ողջույնի ուղերձում առանձնապես կարևորեց հայ գաղթավայրերի վերաբերյալ օտար աղբյուրների առկայությունը, մանավանդ որ դրանք, հասանելի լինելով ավելի մեծաթիվ ուսումնասիրողների, հաստատում և լրացնում են «հայկական աղբյուրներում առկա տեղեկությունները հայ գաղթավայրերի հոգևոր-մշակութային ու սոցիալ-տնտեսական իրողությունների մասին»: Հանձնակատարի ողջույնի խոսքն ընթերցեց գրասենյակի Հայրենադարձության բաժնի պետ, պ. գ. թ., դոցենտ Հովհաննես Ալեքսանյանը:

Հանդես գալով բացման խոսքով ՀՀ ԳԱԱ հա­յա­գի­տութ­յան և հա­սա­րա­կա­կան գիտություն­նե­րի բա­ժան­մուն­քի ա­կա­դե­մի­կոս քար­տու­ղար, ՀՀ ԳԱԱ ա­կա­դե­մի­կոս Յու­րի Սուվարյանը մասնավորապես անդրադարձավ արտերկրում հայերի լավագույնս ինքնադրսևորման փաստին, ինչպես նաև գիտության և մշակույթի տարբեր ոլորտների զարգացման գործում նրանց բերած նպաստին: ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Հայր Լևոն արք. Զեքիյանն առանձնապես կարևորեց Հայր Ղևոնդ Ալիշանի իր ժամանակաշրջանի «եվրոպական ռոմանտիկներին» հավասարազոր անհատ, իսկ նրա ստեղծագործությունները՝ հավաստի պատմական, այդ թվում նաև՝ գաղութագիտական, սկզբնաղբյուր լինելու հանգամանքը: ՀՀ ԳԱԱ պատ­մութ­յան ինստիտու­տի տնօրեն, ՀՀ ԳԱԱ ա­կա­դե­մի­կոս Ա­շոտ Մել­քոն­յանը, մատնանշելով Հայր Ղևոնդ Ալիշանի համաշխարհային մեծություն լինելու հանգամանքը, շեշտեց նրա աշխատությունների միջոցով նորանոր բացահայտումներ կատարելու սկզբնաղբյուրային արժեքը, ինչպես նաև բնօրրանում և ապրած տարբեր երկրներում հայերի ձեռքբերումներն ու նպաստը օտար սկզբնաղբյուրների միջոցով ևս վերհանելու և գիտական շրջանառության մեջ դնելու անհրաժեշտությունը:

Լիագումար նիստին (նախագահող՝ Աշոտ Մելքոնյան) զեկուցեցին Վենետիկի Մխիթարյան միաբանության անդամ Հայր Վահան Օհանյանը («Հայր Ղ. Ալիշանի նամականին որպես աղբյուր հայ գաղթօջախների պատմության») և ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի գիտաշխատող Էլիզաբեթ Թաջիրյանը («Հայր Ղ. Ալիշանի «Եվրոպայի հայ գաղթօջախները» ձեռագիր հատորը»):

Գիտաժողովի «Հայ գաղթավայրերը հնագույն շրջանում» վերտառությամբ առաջին նիստում (նախագահող՝ Քլոդ Մութաֆյան) լսվեցին ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, պ. գ. դ. Հակոբ Չոլաքյանի «Արաբական աղբյուրները Անտիոք քաղաքի և շրջակայքի հայ հին գաղթականության մասին», «Փարիզհամալսարանի պրոֆեսոր, պ. գ. դ., ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Կլոդ Մութաֆյանի «Նախաօսմանյան հայ Երուսաղեմը օտար ճանապարհորդների հայացքով», Աթենքի ազգային համալսարանի դոկտորանտ Գևորգ Ղազարյանի «VII դարում Հռոմում հայ վանականների ներկայության հարցի շուրջ» (ռուսերեն) զեկուցումները:

Երկրորդ՝ «Այսրկովկաս և Միջին Արևելք» նիստն իր հերթին բաղկացած էր երկու բաժիններից:

Առաջին բաժնում (նախագահող՝ Քրիստինե Կոստիկյան) զեկուցումներով հանդես եկան ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի գլխավոր գիտաշխատող, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պ․գ․դ․, պրոֆեսոր Ալբերտ Խառատյանը՝ «Եվրոպական ճանապարհորդները զմյուռնահայ համայնքի մասին (XVII-XIX դդ․)», ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, Հայ գաղթօջախների և սփյուռքի պատմության բաժնի վարիչ, պ. գ. դ., պրոֆեսոր Գևորգ Ստեփանյանը՝ «Եվրոպացի և ռուս հեղինակների երկերը որպես Արևելյան Այսրկովկասի հայության պատմության սկզբնաղբյուր», ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի ավագ գիտաշխատող, բ. գ. թ. Արծվի Բախչինյանը՝ «Շվեդ ճանապարհորդ Նիլս Մաթսոն Շիոփինգը Հայաստանի եւ հայերի մասին (XVII դ.)», Երևանի Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի հետազոտական ինստիտուտ՝ Մատենադարանի ավագ գիտաշխատող, պ. գ. դ. Քրիստինե Կոստիկյանը՝ «Շահ Աբբաս Ա-ի կողմից Սպահան ու Իրանի ներքին շրջաններ բռնագաղթի ենթարկված հայությունը XVII դարում ըստ պարսկական աղբյուրների», ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի գիտաշխատող, պ. գ. թ. Կարեն Մկրտչյանը՝ «Եվրոպական աղբյուրները Պարսկաստանի հայկական գաղթօջախի որոշ հարցերի շուրջ»:

Նիստի երկրորդ բաժնում (նախագահող՝ Կարեն Մկրտչյան) իրենց հետազոտությունները ներկայացրեցին հետևյալ բանախոսները՝ Երևանի Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի հետազոտական ինստիտուտ՝ Մատենադարանի գիտաշխատող, ա. գ. թ., ԵՊՀ հայ արվեստի պատմության և տեսության ամբիոնի դոցենտ Իվետ Թաջարյանը՝ «Նոր Ջուղայի խոջայական ապարանքների հարդարանքը եվրոպացի ճանապարհորդների տեսանկյունից», ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի գիտաշխատող, պ. գ. թ. Սեդա Օհանյանը՝ «Միջագետք (Իրաքի) հայ համայնքն ըստ օտար աղբյուրների», Երևանի Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի հետազոտական ինստիտուտ՝ Մատենադարանի ավագ գիտաշխատող, պ. գ. թ. Վեներա Մակարյանը՝ «XVIII դ. Հալեպի հայ համայնքի ընդհանուր նկարագիրը Ալեքսանդր Ռասելի «Հալեպի բնական պատմությունը» աշխատությունում», ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի գիտաշխատող, պ. գ. թ. Անի Ֆիշենկճյանը՝ «Մուհամմեդ Ջեմալ Պարուդի «Ժամանակակից Սիրիական Ջեզիրեի ձևավորման պատմությունը» աշխատության տեղեկությունները դեպի Սիրիա հայերի գաղթի մասին (1915-1945 թթ․)», ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի հայցորդ Արմեն Ասատրյանը՝ «Եվրոպացի ուղեգիրները Թիֆլիսի հայության մասին»:

Գիտաժողովի հաջորդ օրը՝ սեպտեմբերի 16-ին, «ԱՄՆ-ի և Եվրոպայի հայ համայնքները» նիստում (նախագահող՝ Արծվի Բախչինյան) զեկուցումներով հանդես եկան՝ ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, պ. գ. թ. Քնարիկ Ավագյանը՝ «Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի սկզբնաղբյուրները գաղութային ժամանակաշրջանի Ամերիկա մեկնած առաջին հայերի մասին (XVII դ. սկիզբ - XVIII դ. առաջին կես)», Բուդապեշտի Պիտեր Պազմանի համալսարանի հայագիտության ամբիոնի վարիչ, բ․ գ․ դ․, պրոֆեսոր Բալինտ Կովաչը՝ «Դոնդոնի Վարդան Ժոզեֆի «Հայերի պատմությունը» հունգարալեզու ձեռագիրը», Արցախի պետական համալսարանի ասպիրանտ Էլինա Մխիթարյանը՝ «Հարավ-արևմտյան՝ Գալիցյան Ռուսիայի հայ գաղթօջախների իրավական և սոցիալ-տնտեսական կարգավիճակը Ի. Ա. Լիննիչենկոյի աշխատություններում», «Եվրոպական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի դասախոս, պ. գ. թ. Արման Մալոյանը՝ «Հայերի թիվը Կ. Պոլսում ըստ եվրոպացի հեղինակների տվյալների (XVIII դ. վերջին քառորդ - XIX դ. սկիզբ)»:

«Հայ սփյուռքն օտար աղբյուրներում» նիստում (նախագահող՝ Վահե Սարգսյան) լսվեցին Բուլղարիայի գիտությունների ակադեմիայի Բալկանագիտության ինստիտուտի հետազոտող, պ. գ. դ. Գոհար Խնկանոսյանի «Բուլղարիայի հեղինակները Բուլղարիայի հայերի մասին», Ֆրիբուրգի (Շվեյցարիա) համալսարանի պրոֆեսոր, փ․ գ․ դ․ Աբել Մանուկյանի «Շվեյցարական վավերագրերը Ժնևի և Լոզանի հայկական գաղթօջախների մասին», ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի ավագ գիտաշխատող, պ․ գ․ թ․ Հովհաննես Ալեքսանյանի «Հայերի թվակազմը Ռուսաստանում 1897–2010 թթ. ըստ վիճակագրական տվյալների», ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի ավագ գիտաշխատող, պ․ գ․ թ․ Վահե Սարգսյանի «Ջավախքի հիմնահարցի վրացական ընկալումները և դրանց վրա ազդող գործոնները (ըստ 1999–2009 թթ. վրացական տպագիր մամուլի նյութերի)» զեկուցումները:

Յուրաքանչյուր նիստի վերջում զեկուցողները պատասխանեցին տրված հարցերին, ինչպես նաև տեղի ունեցան քննարկումներ:

Վերջում գիտաժողովի արդյունքներն ամփոփող ելույթներով հանդես եկան Ա. Մելքոնյանը, Ա. Խառատյանը, Ա. Մանուկյանը, Գ. Խնկանոսյանը, Է. Մխիթարյանը, Կ. Մկրտչյանը, Ա. Բախչինյանը, Ք. Ավագյանը, Գ. Ստեփանյանը:

Նախատեսվում է գիտաժողովում կարդացված զեկուցումները հրատարակել առանձին գրքով, ինչպես նաև նմանատիպ գիտաժողովները պարբերական դարձնել՝ առանձին պրակներով հրատարակելով հետազոտությունների արդյունքները:

Հայաստանի, սփյուռքի և այլազգի գիտանականների կողմից հայրենի և արտերկրի հայերի մասին օտար աղբյուրների հետագա հայտնաբերումը, ուսումնասիրումն ու գիտական շրջանառության մեջ դնելը կարևոր նշանակություն ունի ինչպես հայ, նույնպես և օտար պատմագիտական ժառանգության հետագա հարստացման համար: