«Խորենացու երկի ամեն նոր թարգմանություն նշանակում է Պատմահոր գլուխգործոցի հարատևություն». Աշոտ Մելքոնյան

Մովսես Խորենացու համաշխարհային պատմագրության մեջ բացառիկ արժեք ունեցող «Հայոց պատմություն» կոթողային աշխատությունը թարգմանվել է նաև սերբերեն: Սա կարևոր մշակութային իրադարձություն է հայ և սերբ բարեկամ ու բախտակից ժողովուրդների կյանքում:

Նման կարևորագույն ձեռնարկն իրականացվել է սերբ ժողովրդին անսահման նվիրված դուստր, գրող, թարգմանիչ, արվեստագետ Վեսնա Պեշիչի և Հայաստանում Սերբիայի պատվավոր հյուպատոս Բաբկեն Սիմոնյանի եռանդուն ջանքերով:

Մովսես Խորենացու «Հայոց պատմության» շնորհանդեսին մասնակցելու համար Հայաստանից հրավիրվել էին ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, Խ.Աբովյանի անվան ՀՊՄՀ հայ հին և միջնադարյան գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ Աելիտա Դոլուխանյանը, որը Խորենացու պատմության մասնագիտական առաջաբանի հեղինակն է, նաև Երևան քաղաքի թանգարանի փոխնտնօրեն Լուսինե Ամիրջանյանը:

Բաբկեն Սիմոնյանը հսկայական ջանքեր է գործադրում հայ-սերբական գրական և մշակութային կապերն ամրապնդելու գործում: Նա սերբերենին տիրապետում է մայրենիի մակարդակով և տաղանդավոր թարգմանություններ է կատարում սերբերենից հայերեն, հայերենից սերբերեն: Դրան հատկապես նպաստում է նրա քաջահմուտ բանաստեղծ լինելն ու բանաստեղծական հանգին բնատուր տիրապետելը:

Խորենացու պատմության շնորհանդեսը տեղի ունեցավ շքեղ պալատի դահլիճում, զարդարված թարմ ծաղիկներով ու Հայաստանի Հանրապետության դրոշով: Հանդիսության սկզբում և վերջում՝ հյուրասիրության հատվածում, հնչում էին Շառլ Ազնավուրի երգերը: Այդ շքեղությունն, անշուշտ, ապահովել էր Հայաստանի դեսպանը՝ Աշոտ Հովակիմյանը, որն առաջինը հանդես եկավ բացման խոսքով: Հավաքվածներին ջերմորեն ողջունեց Վեսնա Պեշիչը, որի «Պեշիչ և որդիներ» հրատարակչությանն ենք պարտական գրքի թարգմանության և հրատարակման համար: Հիանալի սերբերենով ելույթ ունեցավ Բաբկեն Սիմոնյանը, որը խոսեց թարգմանության ընթացքում իր կատարած դերի մասին, այնուհետև խոսեց թարգմանության առաջաբանի հեղինակ Ա.Դոլուխանյանը, և ամփոփման խոսքով հանդես եկավ Աշոտ Մելքոնյանը, որի խոսքին դահլիճը արձագանքեց բուռն ծափահարություններով:

Ուշագրավ էր, որ սկզբում երիտասարդ ու գեղեցիկ սերբ դերասանուհին թատերականացված ձևով հատված ներկայացրեց «Հայկ և Բել» առասպելից:

Ողջ երեկոն ընթացավ հայ և սերբ մտավորականների անկեղծ ջերմության ու փոխըմբռման մթնոլորտում:

Վեսնա Պեշիչը և Բաբկեն Սիմոնյանը այնպես էին կազմակերպել, որ Երևանից ժամանած երեք մտավորականները ծանոթանային Բելգրադի տեսարժան վայրերին, նաև մասնակցեին Հայաստանի մշակույթի օրերին Բելգրադում: Հոկտեմբերի 7-ին մասնակցեցինք միջազգային կինոփառատոնի, որի ժամանակ անվանի կինոբեմադրիչ Գարեգին Զաքոյանը ներկայացրեց Սերգեյ Փարաջանով հանճարին՝ դրվագներ պատմելով նրա կյանքից: Գորբաչովյան պերեստրոյկայի մասին Փարաջանովն ասել է. «Ես պերեստրոյկայի ցուցափեղկն եմ»: Նա ցուցադրեց իր գրքերը՝ նվիրված Փարաջանովին: Ի թիվս այլ ֆիլմերի՝ «Նամակներ բանտից», «Ավետյաց երկիր», «Նաղաշ Հովնաթան» և այլն, ցուցադրվեց նաև Փարաջանովի՝ հին Թիֆլիսին նվիրված ֆիլմը:

Մենք եղանք Բելգրադի հին ամրոցում, որտեղ տեսանք 17-18-րդ դարերի երեք հայկական գերեզմանաքարեր և մեկ 17-րդ դարի խաչքար: Շատ տպավորիչ էր, որ ընդամենը մի քանի տարի առաջ կառուցված Սուրբ Սավայի անվան շքեղաշուք տաճարի մետաղյա դռան վրա կար հայատառ մեծ արձանագրություն, որը դիմում էր առ Աստված: Այդ տաճարը Բալկանների ամենամեծ եկեղեցին է:

Բելգրադի հին ամրոցում կանգնեցված է «Հաղթանակ» հսկա արձանը, որը պատկերում է գեղեցիկ մերկ տղամարդու՝ մի ձեռքին սուրը, մյուս ձեռքին՝ խաղաղության աղավնին:

Դիտելով այդ արձանը՝ հիշեցի անմահ Թումանյանի՝ սերբ ժողովրդի մասին ասված հետևյալ խոսքերը. «Բոլոր սլավոն ժողովուրդների մեջ սերբերն ամենաազատատենչն են»:

Բաբկեն Սիմոնյանը մեզ հանդիպման տարավ Նորին սրբություն Սերբիայի պատրիարք Պորֆիրիի հետ: Վերջինս վարժ խոսում էր ռուսերեն և հիանալի գիտեր Հայաստանի անցյալ ու ներկա պատմությունը: Խոսեց ցեղասպանության մասին, ասաց, որ շատ է սիրում Ջիվան Գասպարյանի դուդուկի նվագը և հատկապես հայկական կոնյակը: Նա նաև զգուշացրեց աչալուրջ լինել հայ-թուրքական հարաբերություններում: Նրան ուրախություն պատճառեց Խորենացու «Հայոց պատմության» թարգմանությունը, որը Վեսնա Պեշիչը նվիրեց նրան:

Զարմանահրաշ էր Բելգրադի ծայրամասում գտնվող Գրքի թանգարանը, որն ուներ 15 սենյակներ: Հավաքածուն, իրոք, եզակի էր, և այն սկսել էին հավաքել Լազիչ ընտանիքի անդամները 1882 թվականից: Հավաքածուում կային Աֆրիկայի, Ասիայի, Եվրոպայի տարբեր երկրների հին ու նոր գրքեր: Հատկապես հետաքրքիր էին եթովպական ձեռագիր մատյանները, որոնց տառերը նման էին Մաշտոցյան այբուբենին:

Հայկական գրքերի բաժնում առանձին շարքով դրված էր Բաբկեն Սիմոնյանի հայերեն ու սերբերեն գրքերի հարուստ հավաքածուն: Ծխախոտի տուփի չափով գրադարակում կային հայ ժամանակակից հեղինակների՝ Պարույր Սևակ, Սիլվա Կապուտիկյան և ուրիշների մատնոցի չափ գրքերի հատորները: Գրադարանն ուներ չափազանց մեծ և չափազանց փոքր գրքերի հավաքածուներ, եզակի փաստաթղթեր, հրովարտակներ, ինչպես օրինակ Նապոլեոն Բոնապարտի մի հրովարտակը:

Եղանք նաև Բելգրադ քաղաքի թանգարանում, որը տեղավորված էր քաղաքի կենտրոնում գտնվող իշխանուհի Լյուբիցայի ապարանքում:

XIX դարասկզբին կառուցված ապարանքում որոշակի երևում էր արևելյան ու եվրոպական ոճերի խառնուրդը:

 Երևան քաղաքի թանգարանի փոխտնօրեն Լուսինե Ամիրջանյանը Բելգրադ քաղաքի թանգարանի տնօրենի հետ պայմանավորվեց հետագա համագործակցության համար:

Չնայած Բելգրադում գտնվելու 6 օրերի ընթացքում ամեն օր անձրևը տեղում էր առանց կտրվելու, սակայն մեզ հյուրընկալողների ջերմությունը զգացնել չտվեց հայերի համար ոչ սովորական բնության այդ երևույթը:

Եղանք նաև Սերբիայի պատմության ազգային թանգարանում, որում պատմական ցուցանմուշներից բացի, առանձին սրահներում ներկայացված էին Սերբիայի հին և նոր մշակույթի նմուշները, ինչպես նաև եվրոպական նկարիչների, օրինակ, Պիկասոյի կտավները: Ազգային պատմական թանգարանի շենքը ճարտարապետական ուշագրավ կառույց էր:

Մեզ օդանավակայանում դիմավորեցին Բաբկեն Սիմոնյանը և «Համի ատելյեի» տնօրեն Զդրավկո Յովիչը, որոնք մեզ տարան ուղիղ իրենց ատելյե, ուր մի խումբ սերբ մտավորականների հետ եղավ առաջին ջերմ հանդիպումը և ընտիր հյուրասիրությունը: Մենք միանգամից մեզ զգացինք Հայաստանում՝ մեր տանը:

Գեղեցիկ քաղաք է Բելգրադը: Նախավերջին օրը Բելգրադի հեռուստատեսությունից հարցազրույց եղավ իմ և Աշոտ Մելքոնյանի հետ: Մենք պատմեցինք մեր տպավորությունների մասին: Հարցազրույցը վարում էր հայ ժողովրդի մեծ բարեկան Վեսնա Պեշիչը, որը գիրք է գրում Հայաստանի ու հայերի մասին:

 

Ս. թ. հունիսի 15-ին ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտում տեղի ունեցավ Մովսես Խորենացու «Հայոց պատմության» սերբերեն գրքի շնորհանդեսը:

Շնորհանդեսը երկրորդն էր, նախորդը կայացել էր Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում: 

 

Առավել մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ հետևյալ հղումով՝ https://armenpress.am/arm/news/1055365