«ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ, ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՀԱՆՋԱՏԻՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐՑԱԽՅԱՆ ՀԻՄՆԱՀԱՐՑԻ ԽԱՉՄԵՐՈՒԿՆԵՐՈՒՄ. ՀԵՏԱՀԱՅԱՑ ԳՆԱՀԱՏՈՒՄՆԵՐ ԵՎ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ» ԽՈՐԱԳՐՈՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ

2021 թ. սեպտեմբերի 16-18-ը Երևանում տեղի ունեցավ միջազգային գիտաժողով «Հայոց ցեղասպանության, հայկական պահանջատիրության եվ արցախյան հիմնահարցի խաչմերուկներում. հետահայաց գնահատումներ եվ հեռանկարներ» խորագրով։ Այն նախաձեռնել ու կազմակերպել էին «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամը, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան, Երևանի պետական համալսարանը և Հայագիտական ուսմանց ընկերակցությունը։ Գիտաժողովի բացումը և աշխատանքային առաջին օրվա նիստերը տեղի ունեցան Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտաժողովների սրահում, իսկ հաջորդ երկու օրերին նիստերը շարունակվեցին ԳԱԱ նախագահության կլոր սրահում։

Գիտաժողովում բացման խոսքով հանդես եկավ կազմկոմիտեի համանախագահ, «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրեն, պ.գ.դ. Հարություն Մարությանը։ Ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս քարտուղար Յուրի Սուվարյանը, կազմկոմիտեի համանախագահ, ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը և ԱՄՆ Նեբրասկայի համալսարանի Լինքոլնի մասնաճյուղի դասախոս, «Հայագիտական ուսմանց ընկերակցության» ատենապետ Պետրոս Տէր Մաթոսեանը։ Այնուհետև, որպես հիմնական զեկուցող, ««Հիշում եմ և պահանջում» կարգախոսը և Հայոց ցեղասպանության հիշողության փոխանցման մարտահրավերները 21-րդ դարում» թեմայով զեկուցմամբ ելույթ ունեցավ Հարություն Մարությանը։ Դրան հետևեց «Հայոց պահանջատիրության հետքերով. հայերի մասնավոր և համայնքապատկան գույքի սեփականության վկայագրերը» խորագրով ժամանակավոր ցուցադրության բացումը, որի նյութերը տրամադրել էր Հայաստանի ազգային արխիվը։

Նույն օրը տեղի ունեցավ չորս նիստ։ Առաջին նիստը կրում էր «Հայոց ցեղասպանության ուսումնասիրությունը 21-րդ դարում. պրոբլեմային դաշտի նշագծում» խորագիրը (նախագահող՝ Հարություն Մարության), երկրորդը և երրորդը՝ «Հայոց ցեղասպանության աղբյուրագիտության խնդիրներ. վերարժևորումներ և նոր բացահայտումներ» խորագիրը (նախագահողներ՝ ԳԱԱ թղթակից անդամ, պ. գ. դ., պրոֆ. Արամ Սիմոնյան, պ. գ. դ., պրոֆ. Էդիկ Մինասյան), չորրորդը՝ «Պատմամշակութային արժեքների ոչնչացումը» խորագիրը (նախագահող՝ ԳԱԱ թղթակից անդամ, արվեստագիտ. դոկտ., պրոֆ. Արարատ Աղասյան)։ Երկրորդ նիստից հետո գիտաժողովի մասնակիցներն այցելեցին Հայոց ցեղասպանության հուշահամալիր։

Սեպտեմբերի 17-ին տեղի ունեցած առաջին նիստը, որը կրում էր «Հայրենազրկում և պահանջատիրություն. Պատմաիրավական գնահատականներ» խորագիրը (նախագահող՝ Յուրի Սուվարյան), ուներ գիտագործնական կարևորություն և անցավ հագեցած մթնոլորտում։ Այդ նիստը եզրափակվեց հիմնական զեկուցող Աշոտ Մելքոնյանի «Հայոց ցեղասպանության խնդիրը ՀՀ արտաքին քաղաքականության ոլորտում» վերնագրով զեկուցմամբ։

Երկրորդ նիստը կրում էր «Գաղափարախոսություն, հիշողություն, ինքնություն» խորագիրը (նախագահող՝ պ. գ. թ. Սուրեն Մանուկյան)։

Երրորդ նիստն անցկացվեց «Հայատյացությունը և ժխտողականությունը Թուրքիայում և Ադրբեջանում» խորագրով (նախագահող՝ պ. գ. թ. Էդիտա Գզոյան)։

Նույն օրվա վերջին՝ չորրորդ նիստը նվիրված էր Հայոց ցեղասպանության ճանաչման և կանխարգելման հարցերին ու կրում էր «Ճանաչում և կանխարգելում» խորագիրը (նախագահող՝ ԳԱԱ ակադեմիկոս, սոցիոլոգ. գ. դ. Գևորգ Պողոսյան)։

Սեպտեմբերի 18-ին տեղի ունեցավ երեք նիստ, որոնցից մեկը «Ադրբեջանական իշխանությունների հայատյացության և ցեղասպան քաղաքականությունը ադրբեջանահայության և արցախահայության նկատմամբ» (նախագահող՝ պ. գ. դ., պրոֆ. Արմեն Մարուքյան), իսկ մյուս երկուսը՝ «Հայոց ցեղասպանության ուսումնասիրությունը միջգիտակարգային տիրույթում» (նախագահողներ՝ պ. գ. թեկնածուներ Շուշան Խաչատրյան, Ռոբերտ Թաթոյան)։

Գիտաժողովին մասնակցող ու զեկուցումներով հանդես եկող հայ և այլազգի գիտնականները ներկայացնում էին ինչպես հայաստանյան, այնպես էլ արտասահմանյան տարբեր գիտահետազոտական ինստիտուտներ, ինչպիսին են՝ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Պատմության, Արևելագիտության, Հնագիտության և ազգագրության, Երկրաբանության, Արվեստի ինստիտուտները և Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնը, «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտը, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը, Երևանի պետական համալսարանը և նրա Հայագիտական հետազոտությունների կենտրոնը, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը, Գորիսի պետական համալսարանը, «Մոդուս վիվենդի» հետազոտական կենտրոնը, «Կառուցիր Հայաստան» նախագիծը, Երուսաղեմի Եբրայական համալսարանը (Իսրայել), Հյուսիսային Քոնեկտիկուտի պետական համալսարանը (ԱՄՆ), Մեսսինայի համալսարանը (Իտալիա), Լունդի համալսարանը (Շվեդիա), Տորկուատո դե Տելայի և Բուենոս Այրեսի համալսարանները (Արգենտինա), Վիեննայի համալսարանը (Ավստրիա), Մոսկվայի պետական համալսարանի, Սանկտ Պետերբուրգի արտաքին տնտեսական կապերի, էկոնոմիկայի և իրավունքի ինստիտուտի երևանյան մասնաճյուղերը, Աթենքի ազգային համալսարանը (Հունաստան), Արևելյան Ֆինլանդիայի համալսարանը, Բեյրութի «Ազդակ» օրաթերթը։

Գիտաժողովին ակտիվ մասնակցություն ունեցան ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի գիտաշխատողները՝ հայկական գաղթօջախների և Սփյուռքի պատմության բաժնի վարիչ, պ. գ. դ., պրոֆ. Գևորգ Ստեփանյանը (««Մեծ Ադրբեջան»-ի համաթյուրքական հայեցակարգը. պատմություն և արդիականություն»), Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության պատմության բաժնի վարիչ, պ. գ. դ., պրոֆ. Արմեն Մարուքյանը («Մոսկվայի և Կարսի պայմանագրերով Հայաստանի տարածքների բռնազավթման գործընթացի պատմաիրավական գնահատականը»), նույն բաժնի ավագ գիտաշխատողներ՝ պ. գ. թ., դոցենտ Լիլիթ Հովհաննիսյանը («1921 թ. հոկտեմբերի 13-ի Կարսի պայմանագիրը հայաստանյան պատմագիտության գնահատմամբ (1991–2021 թթ.)») և պ. գ. թ. Արփինե Բաբլումյանը («Ժողովրդագրական փոփոխությունների հիմնական միտումները Արևմտյան Հայաստանում XIX դարի վերջերին – XX դարի սկզբներին Խարբերդ և Դիարբեքիր նահանգների օրինակով. հետահայաց վերլուծություն»), նորագույն պատմության բաժնի կրտսեր գիտաշխատող Նարինե Մովսիսյանը («1920 թ. թուրք-հայկական պատերազմը որպես պանթուրքիզմի իրագործման նպատակ (ժամանակի հայ պատմագրության գնահատմամբ)»)։

Նիստերից հետո գիտնականներն իրենց աշխատանքը շարունակեցին երկու կլոր սեղանների շուրջ, որոնց թեմաներն էին՝ «Հայոց ցեղասպանության ճանաչման և հատուցման գործընթաց. ձեռքբերումներ, խնդիրներ, սպասելիքներ» (վարողներ՝ Արմեն Մարուքյան, Էդիկ Մինասյան), «Ցեղասպանության քաղաքականության դրսևորումները երկրորդ արցախյան պատերազմի ժամանակ» (վարողներ՝ Աշոտ Մելքոնյան, ի. գ. թ. Եղիշե Կիրակոսյան)։

Գիտաժողովը եզրափակվեց ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս քարտուղար, ԳԱԱ ակադեմիկոս Յուրի Սուվարյանի, Պատմության ինստիտուտի տնօրեն, ԳԱԱ ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանի և «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրեն,  պ. գ. դ. Հարություն Մարությանի ամփոփիչ ելույթներով։