Նորություններ - Հայտարարություններ - Թարմացումներ

ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՆԱԿ

2018 թ. ապրիլի 14-ից 15-ը ՀՀ պաշտպանության նախարարին կից գործող հասարակա­կան խորհրդի (նախագահ Գեղամ Հարությունյան) նախաձեռնությամբ, «Պատմության և մշա­կույթի էջեր» ծրագրի շրջանակում հերթական այցով Արցախի Հանրա­պետու­թյան Պաշտպա­նության բանակ են այցելել ՀՀ գիտության ու մշակույթի գործիչներ: Այս անգամ էլ իր ակտիվ մասնակցությունը ցուցաբերեց ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի կոլեկտիվը, տնօրեն, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Մելքոնյանի գլխա­­վորությամբ: Ապրիլի 15-ին պատվիրակության անդամները հանդիպում ունեցան ԱՀ պաշտ­պանության նախարար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի հետ: Հրամանա­տա­րը կարևորեց նման այցելությունների նշանակությունը և ներկայացրեց բանակում ծավալ­ված աշխատանքները, որոնք ուղղված են էլ ավելի ամրապնդելու պաշտպանական տեղա­մա­սերը:

Մեծարանք գիտնականի հիշատակին

Լրացավ անվանի գիտնական, հին և միջնադարյան Հայաստանի պատմության հետազոտող, հայ դասական քարտեզագրության հիմնադիր ակադեմիկոս Սուրեն Երեմյանի ծննդյան 110-ամյակը։ Այդ առիթով ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտում տեղի ունեցավ հանդիսավոր նիստ։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 100-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ

Սույն թվականի մարտի 21-23-ը Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. ԱՐԱՄ Ա-ի հովանավորությամբ կայացավ միջազգային գիտաժողով՝  նվիրված Հայաստանի Հանրապետության 100-ամյակին։ Տարբեր երկրներից ժամանած ավելի քան 50 զեկուցաբերների և մասնակիցների թվում էր ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի 11 գիտնականներից բաղկացած պատվիրակությունը: Համաժողովին ներկա էին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, ՀՀ ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս քարտուղար, ակադեմիկոս Յուրի Սուվարյանը, ԱՀ Ազգային ժողովի փոխնախագահ, պրոֆ. Վահրամ Բալայանը, Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը, Գրականության ինստիտուտի տնօրեն դոկտոր Վարդան Դևրիկյանը, ՀԱԱ տնօրեն դոկտոր Ամատունի Վիրաբյանը, ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան պրոֆ. Էդիկ Մինասյանը, Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկան պրոֆ. Գեղամ Պետրոսյանը, Իրանագիտության ամբիոնի վարիչ դոց. Վարդան Ոսկանյանը, գիտնականներ հայաստանյան և սփյուռքյան այլ հաստատություններից։

2018 թ. մարտի 12-14-ը Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի Լիբանանի միջազգային համալսարանում տեղի ունեցավ ասորագիտական հերթական գիտաժողովը՝ նվիրված վաստակաշատ ասորագետ Ջեբրայիլ Ալ-Քուրդահիին:

Գիտաժողովը նվիրված էր ասորագիտական արդի կարևոր հիմնախնդիրներին ու հարցերին, որին մասնակցում էին շուրջ 50 գիտնականներ և մտավորականներ Ավստրալիայից, Գերմանիայից, Շվեդիայից, Եգիպտոսից, Թունիսից, Իրաքից, Սիրիայից, և Լիբանանից: 

Մեծ հետաքրքրություն կա հայկական պատմական աղբյուրների նկատմամբ. պատմաբան Ա. Մելքոնյան

Կարևորելով գիտության տեղն ու դերը երկրի զարգացման գործում՝ gmpress.am-ը շարունակում է ներկայացնել հայկական գիտական օջախների գործունեությունն՝ այս անգամ ևս հանգրվանելով հայապահպանության կարևորագույն օջախներից մեկում՝ ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտում:

Մինչ բուն թեմային անդրադառնալը փոքրիկ ակնարկ կատարենք ինստիտուտի գործունեությանը՝ սկզբնավորման օրվանից առ այսօր. ՀՀ ԳԱԱ-ի Պատմության ինստիտուտը ստեղծվել է Գիտությունների Ակադեմիայի հետ մեկտեղ 1943թ.-ին: ԳԱԱ—ի առաջին նախագահը, աշխարհահռչակ գիտնական Հովսեփ Օրբելին 1943 թ. միաժամանակ նաև եղել է Պատմության ինստիտուտի տնօրենը: Օրբելուց հետո այս հաստատությունը ղեկավարել են այնպիսի հռչակավոր գիտնականներ, ինչպիսիք են՝ Աբգար Հովհաննիսյանը, Սուրեն Երեմյանը, Գալուստ Գալոյանը, Հրանտ Ավետիսյանը և այլոք:

Պատմաբան, Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը այս ինստիտուտի տնօրենն է 2003 թ.-ից սկսած՝ թվով յոթերորդը:

Ստորև ներկայացնում ենք ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանի հետ ոլորտին վերաբերող կարևորագույն թեմաների շուրջ մեր բովանդակալից հարցազրույցն ամբողջությամբ: 

Հոդվածի շարունակությունը՝ այստեղ 

Գիտական համագործակցության հեռանկարով

Մարտի 7-ին ինստիտուտ այցելեց Չեչնիայի Հանրապետության ազգային քաղաքականության, արտաքին կապերի, մամուլի և լրատվության նախարար Ջամբուլաթ Ումարովը։ Տնօրեն Ա. Մելքոնյանի, Միջին դարերի պատմության բաժնի վարիչ Ա. Շահնազարյանի, Նոր պատմության բաժնի վարիչ Ռ. Սահակյանի հետ քննարկման արդյունքում որոշվեց առաջիկայում կնքել կողմերի միջև գիտական համագործակցության համաձայնագիր։

Տեղի ունեցավ «Արցախը հայոց պետականության համար պայքարի քառուղիներում» միջազգային գիտաժողովը

2018 թ․ փետրվարի 23-ին ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում տեղի ունեցավ Արցախը հայոց պետականության համար պայքարի քառուղիներում խորագրով միջազգային գիտաժողովը՝ նվիրված արցախյան շարժման նոր շրջափուլի 30-ամյակին։ Գիտաժողովի  կազմակերպիչներն են ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարական գիտությունների բաժանմունքը և Երևանի պետական համալսարանը: